Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապրիլյան քառօրյային մասնակցած զինծառայողների հիասթափությունն այնքան մեծ է, որ չեն ուզում «ժամանակ ու ներվեր փչացնել» իրենց իրավունքները վերականգնելու համար

16:40, երեքշաբթի, 07 փետրվարի, 2017 թ.
Ապրիլյան քառօրյային մասնակցած զինծառայողների հիասթափությունն այնքան մեծ է, որ չեն ուզում «ժամանակ ու ներվեր փչացնել» իրենց իրավունքները վերականգնելու համար

Ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված երիտասարդները, որոնց համար ԿԳՆ-ի կողմից ուսման վարձի 50% զեղչ է սահմանված, անորոշության մեջ են. նրանցից շատերը թեև մասնակցել են քառօրյա պատերազմին, սակայն, տարբեր պատճառաբանություններով, չեն կարողանում օգտվել սահմանված զեղչից: Նրանց զինգրքույկներում կա´մ նշված չէ այդ փաստը, կա´մ էլ նշված է, բայց նույնիսկ դրա առկայությունը հիմք չի հանդիսանում ստանալ ուսանողական զեղչ:
     Խնդրի առնչությամբ բարձրացված առաջին աղմուկից հետո, երբ մեր թղթակիցը փորձեց որոշ հանգամանքներ ճշտել հենց ԿԳՆ-ի համապատասխան բաժնից (բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանից), վերջինը տեղեկացրեց, որ իսկապես կան մի քանի ուսանողներ, ովքեր կանգնած են նման խնդրի առջև: «Նման մարդիկ, ովքեր դժգոհություներ ունեն, կարող են դիմել իրենց շրջանային զինկոմիսարիատներ, հանձնեն զինվորական գրքույկները, իսկ զինկոմիսարիատն այն կուղարկի, ճշգրտում կանի տվյալ զինվորների ծառայած միավորման հետ, վերջիններն էլ կանեն համապատասխան ճշտումը»,- ասաց Ս. Մելիքյանը: Ուշագրավ է, որ մեր զրուցակիցն այդ բացթողումը «փնթիություն» որակեց այն զորամասերի կողմից, ովքեր փաստաթղթերում չեն արձանագրել այդ կարևոր հանգամանքը:
     Սակայն դրանով հարցը չլուծվեց. վերջին օրերին բազմաթիվ զորացրված զինվորներ ահազանգում են, որ զինգրքույկներում, 2016թ. ապրիլի 2-ից մարտական գործողությունների իրենց մասնակցության մասին վկայող գրառումը կա´մ սպիտակ ներկով ջնջված է, կա´մ պարզապես գիծ է քաշված գրառման վրա և գրված է՝ «անվավեր»:
     Խնդրին արձագանքեցին ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ու Մարդու իրավունքների պաշտպանը: Առաջին կառույցն իր հայտարարությունում կատարվածն անվանելով «անփութություն»` նշեց, որ «որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումները բացառապես պայմանավորված են տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով», այնուհետև հորդորեց ԶԼՄ-ներին` թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա:
     Օրեր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս հայտատարություն տարածեց` տեղեկացնելով, որ բանակից զորացրված ուսանողները, ովքեր 2016թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 % զեղչ: Նշվում է, որ վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը: «Որպես կանոն՝ բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել և վերջիններս ուսման վարձի զեղչից օգտվել են»,- նշված է հայտարարությունում:
     Այնուհետև կարդում ենք` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն ուսանողները, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն (նրանք զինգրքույկում պետք է ունենան մարտական հերթապահության մասին գրառում և համապատախան կնիք) ստանում են ուսման վարձի 30 % զեղչ՝ ըստ ՄՈԳ-ի»:
     Ի դեպ, MAMUL.am-ի թղթակիցը հարցում է անցկացրել մի շարք բուհերում և հավաստիացել, որ իսկապես որոշ զորացրված զինվորներ ստացել են առաջին կիսամյակի համար (2016-17 ուսումնական տարվա) նախատեսված զեղչը: Հանդիպել է նաև զորացրվածների, ովքեր ծառայել են Արցախում, մասնակցել ապրիլյան քառօրյային (այդ ընթացքում մարտական դիրքերում կատարել հերթապահություն), սակայն չեն ստացել ուսանողական զեղչ: Մեզ հետ զրույցում այդ ուսանողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ իր զինգրքույկում նշված է իր` մարտական գործողություներին մասնակցելու փաստը, բայց քանի որ ՄՈԳ-ը (միջին որակական գնահատականը) չի համապատասխանել սահմանված շեմը, ուստի դուրս է մնացել զեղչ ստանալու հնարավորությունից: «Փաստացի, ես մասնակցել եմ պատերազմին, եղել եմ Հադրութում, ներկա գտնվել այնտեղ կատարվող իրադարձություններին, դիրքեր եմ բարձրացել, հերթապահել եմ, գրքույկումս գրված է, որ մասնակցել եմ մարտական գործողություններին, բայց ինձ զեղչ չի հասնում…: Պատճառաբանում են, որ ՄՈԳ-ը ցածր է, գերազանց չէ…իհարկե, վիրավորական է»,- անկեղծացավ մեր զրուցակից:
     Արդյոք չեն ուզում վերջինները դիմել համապատասխան կառույցների` պարզելու, վերականգնելու «անփութության» կամ, պարզապես, դիտավորության հետևանքները, ասացին, որ այդքանից հետո դրանում իմաստ չեն տեսնում այլևս, քանի որ հիասթափված են: Նրանցից մեկն էլ ասաց, որ դեռ մտածում է` արդյոք «արժե՞ դրա համար ժամանակ ու ներվեր փչացնել», քանի որ, նրա խոսքով, «այս երկրում ոչինչ հենց այնպես չի լինում»:
     Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ համաձայն զինծառայողների կողմից ստացված դիմում-բողոքների, ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ և որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության:

5106 | 1
Facebook