Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անփութությո՞ւն է զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու փաստը ջնջելը

15:35, չորեքշաբթի, 01 փետրվարի, 2017 թ.
Անփութությո՞ւն է զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու փաստը ջնջելը

Ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված տղաներն ահազանգում են, որ զինգրքույկներում չի նշվում քառօրյա մարտական գործողություններին իրենց մասնակցությունը:
     Խնդրին մեկ անգամ մեր թղթակիցն անդրադարձել է. այն, այսօր, սակայն, այլ բնույթ է ստացել: Եթե մի քանի ամիս առաջ զորացրված զինվորի գրքույկում չէր նշվում պատերազմին մասնկացելու փաստը, հիմա արդեն նշում են, այնուհետև «մտափոխվում» և կապույտ թանքով ջնջելուց հետո վրան գրում են «անվավեր»: Թե ինչումն է խնդիրն, անհասկանալի է:
     Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմին մասնակից զինվորների համար ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ուսման վարձի 50% զեղչ էր սահմանել, բայց քանի որ շատերի զինգրքույկներում բացակայում էր այդ կարևոր փաստը, ուստի նրանք չէին կարողանում օգտվել սահմանված զեղչից:
    
Պատճառաբանությունը մեկն է` զինվորները պատերազմի ժամանակ գտնվել են ոչ թե առաջին գծում, այլ` երկրորդ, և դրանով հիմնվելով` համապատասխան զորամասերը նման որոշում են կայացրել:
     «Զինվոր համակարգող խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով զբաղվում է զինծառայողների խնդիրներով, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խնդրի վերաբերյալ գրություն է ուղարկել նախարարին: «Շուտով ցուցակները կճշտվեն, կցուցակագրվեն, և պարզ կլինի` քանիսն են նրանք, ում անունները չկան զինգրքույկներում»,- տեղեկացրեց Մ. Խաչատրյանը` նշելով, որ ապրիլյան մարտական գործողությունների ամենաթեժ վայրերն են եղել Մատաղիսը, Թալիշը և Ջաբրաիլը, այնուհետև` Մարտունի -3 զորամասը և Տոնաշենը: «Խնդիրը հիմա այն է, որ Հադրութում ծառայած զինվորն էլ է ուզում իր զինգրքույկում նշվի, Մարտունի-2-ն էլ, Հոռաթաղինն էլ: Եթե ինձ մնա, ես կհայտարարեմ` այդ օրերին, ովքեր ծառայության մեջ են եղել Արցախում, բոլորինը նշվի»:
    
Դիտարկմանը, թե արդյոք նշանակություն ունի՞, թե որ հատվածում է գտնվել զինվորը մարտական գործողությունների ժամանակ, մեր զրուցակիցն ասաց, որ հենց այդ հանգամանքն է հաշվի առնվում. «Այն զորամասը, որը եղել է թիկունքային զորամաս, չեն նշում»,- ասաց նա:
     Հարցին, թե ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ զինգրքույկում այդ փաստը ջնջելու համար, Մ. Խաչատրյանը դժվարացավ պատասխանել` խորհուրդ տալով սպասել նախարարի արձագանքին. «Ցուցակները կհստակեցվեն, պարզ կդառնա… Ինձ էլ են շատ ծնողներ դիմել նույն խնդրով, փորձել եմ ոմանց օգնել»:
     Նա չբացառեց, որ այս ամենն անկասկած կապ ունի տղաների ուսման վարձերի զեղչի հետ: Իսկ թե կոռուպցիոն հետք տեսնում է այստեղ, ասաց, որ վաղ է նման խոսակցություններ անելը:
     Նշենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել` իրազեկելով, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: «Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով»,- նշված է իրազեկման մեջ:
     ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորել է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա, իսկ այն զորացրված զինծառայողները, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմեն հետևյալ հեռախոսահամարով՝ 28-08-23:
     Հավելենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամներին: Ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ: Արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ պարզելու համար ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ պահանջելով ու համատեղ աշխատելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Անփութությո՞ւն է զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու փաստը ջնջելը
Անփութությո՞ւն է զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու փաստը ջնջելը
6080 | 3
Facebook