Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանին և Վենեսուելային միավորում է ԱՄՆ-ը». ռուս գրող

16:15, երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ.
«Հայաստանին և Վենեսուելային միավորում է ԱՄՆ-ը». ռուս գրող

Ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը զուգահեռներ է անցկացրել Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների և Հայաստանում 2018-ի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխության միջև, փոխանցում է Rusarminfo-ն:

Նրա կարծիքով՝ երկու իրադարձությունների հետևում կանգնած է Միացյալ Նահանգները, մասնավորապես, փոխնախագահ Մայք Փենսը, ով Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին «խորհուրդ է տվել ինքն իրեն երկրի ղեկավար հռչակել՝ Նիկոլ Փաշինյանի օրինակով»:

«Ի՞նչ կապ կա Փաշինյանի և Գուաիդոյի միջև՝ ոչ մի, բացի...Մայք Փենսից: ԶԼՄ-ները գրում են, որ Գուաիդոն և Փենսը սերտ կապի մեջ են, Փենսը ժամանակին Կոնգրեսում հայկական հարցերով խմբի կազմում էր: Հավանաբար, Փենսը նրան խորհուրդ է տվել բողոքի ակցիայի ժամանակ իրեն նախագահ հռչակել՝ Փաշինյանի նման»,- «Свободная пресса»-ում հրապարակված հոդվածում գրել է Լիմոնովը:

Նա նաև նշել է, որ Վենեսուելայի տնտեսական անհաջողությունների համար ևս մեղավոր են ամերիկացիները, ովքեր թույլ չեն տալիս երկրին տնտեսապես զարգանալ՝ տարբեր պատժամիջոցներ սահմանելով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵԱՏՄ շտաբ-բնակարանում ասուլիսի ժամանակ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները` համեմատական անցկացնելով Վենեսուելայի և Հայաստանի իրադարձությունների միջև, հարց էին ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որին նա պատասխանել էր.

«Ասոցացնել հնարավոր չէ, որովհետև հուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ մոտ չեն եղել զոհեր, իսկ Վենեսուելայում, ցավոք, կան զոհեր: Երկրորդ, ՀՀ-ում տեղի ունեցածը 100 տոկոսով համապատասխանում էր ՀՀ Սահմանադրությանը, իսկ այնտեղ, առաջին հայացքից, հասկանալի չէ՝ պրոցեսն ի՞նչ առնչություն ունի Սահմանադրության հետ: Մենք շարունակում ենք հետևել զարգացումներին: Ցանկացած որոշում պետք է ընդունվի ժողովրդի կողմից»:

5641 | 2
Facebook