Վենեսուելայում ընդդիմության առաջնորդն իրեն նախագահ է հռչակել. նրան աջակցել է Թրամփը
Վենեսուելայի Ազգային ասամբլեայի (խորհրդարան) ղեկավար Խուան Գուաիդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրան ճանաչում է որպես օրինական նախագահ, հաղորդում է BBC-ն: Ելույթ ունենալով Կարակասում՝ բազմահազարանոց ամբոխի առջև, Գուաիդոն հայտարարել է, որ ստանձնում է նախագահի պարտականությունները, որպեսզի «վերջ դնի բռնի իշխանությանը, ձևավորի անցումային կառավարությունն ու ազնիվ ընտրություններ անցկացնի»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ: «Վենեսուելայի ժողովուրդը հանդես եկավ Մադուրոյի և նրա ռեժիմի դեմ և ազատություն ու օրինականություն պահանջեց»,- պարբերականը մեջբերում է նրա խոսքը: Պարբերականը նշում է, որ 35-ամյա Գուաիդոն հայտնի կերպար չէր Վենեսուելայի քաղաքականության մեջ, քանի դեռ չէր զբաղեցրել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող խորհրդարանի ղեկավարի պաշտոնը: Խորհրդարանում աշխատանքի ընթացքում Գուաիդոն Մադուրոյի վարչակազմի հետ կապված կոռուպցիոն մի շարք գործեր է բացահայտել: Գուաիդոն կրթությամբ ինժեներ է, ուսանողական տարիներին քաղաքական ակտիվիստ է եղել, ղեկավարել է Ուգո Չավեսի սոցիալիստական կառավարության դեմ ցույցերը: |