Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սադրանքի վարպետ է և բանսարկու». Համլետ Սարգսյանը՝ Անժելիկա Ստեփանյանի մասին

02:30, երկուշաբթի, 03 սեպտեմբերի, 2018 թ.
«Սադրանքի վարպետ է և բանսարկու». Համլետ Սարգսյանը՝ Անժելիկա Ստեփանյանի մասին

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2017 թվականի հուլիսին կայացած մինչև 18 տարեկան աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մեկ տարի առաջ, իր մենամարտից հետո, հավաքականի ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ապտակել և հայհոյել է իրեն։ MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց կողմերի և ներկաների հետ՝ պարզելու հանգամանքները։ 17-ամյա Անժելիկան մեղադրեց մարզչին, Ռաֆայել Մեհրաբյանը հերքեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, Սոֆիա մեկնած Անահիտ Արոյանը և Լիանա Մանուկյանը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի անդամ Անի Հովսեփյանը նույնպես հերքեցին մեղադրանքները։ MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց նաև հավաքականի երկրորդ մարզիչ, Անժելիկա Ստեփանյանի նախկին անձնական մարզիչ Համլետ Սարգսյանի հետ։

- Անժելիկան սկզբից իմ մոտ է մարզվել։ Նա որպես բռնցքամարտիկ մինչև վերջ էլ զրո մակարդակի բռնցքամարտիկ մնաց։ Նա և՛ թույլ մարզիկ է, և՛ բանսարկու։ Մի բառ իրեն դուր չգա, այնպես շուռ կտա, հեքիաթներ կպատմի ու պատմություն կսարքի։ Ես ինքս էի ասում ընկեր Մեհրաբյանին, որ նրան չտանի այդ Եվրոպայի առաջնությանը, նա ֆիզիկապես թույլ է, չի կարողանա լավ մասնակցել։ Ընկեր Մեհրաբյանը տարավ, որ չկոտրվի երեխան, ոգևորվի, լավ պարապի։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Անժելիկայի՝ պարոն Մեհրաբյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները։

- Մեհրաբյանի մասին ինչպես կարող էր նման բան ասել։ Նա խիստ մարդ է, պարտաճանաչություն է սիրում, ջղայնանում է, որ ճիշտ չեն աշխատում ռինգում։ Բայց ի՞նչ ապտակել, պաշտպանիչ սաղավարտը պետք է հաներ գլխից, քաշել է սկոչը, որ հանի։ Ինչ ապտակելու կամ հայհոյելու մասին է խոսքը։ Այդ աղջկան բոլորը լավ գիտեն, նրա համբավն էլ գիտեն։ Հավաքականից ոչ մի աղջիկ նրա հետ չի խոսում, ոչ մի մարզիչ չի ուզում իր հետ աշխատի։ Իրեն ու քրոջը բնորոշ է, որ մի բան դուր չի գալիս իրենց, միանգամից դիմում-բողոքի են վերածում։ Քույրը ծանրորդուհի է (խմբ․՝ նկատի ունի Նանե Ստեփանյանին), բայց նրա կիլոգրամները նույնիսկ չեն բավարարում, որ հավաքականի կազմում ընդգրկվի։ Նա ֆեդերացիայի վրա բողոք է գրել, որ շատ ուժեղ է, իսկ իրեն մրցում չեն տանում։ Նման բան ո՞նց կարելի է անել։ Սադրանքի վարպետ է, բանսարկու, ամեն փոքր բանից պատմություն կարող է սարքել։ Ինքն էլ, քույրն էլ։ Հավաքականի աղջիկները հավաքներին գալիս ասում էին, որ իր հետ կատակ են անում, նա ձայնագրում, նկարում է, միանգամից քրոջն է ուղարկում։ Հավաքների ընթացքում ընդամենը կատակ են արել աղջիկները, պատմություն է սարքել։ Աղջիկներն ինձ ասում են, որ զգուշանում են իրենից։ Նա թաքուն նկարահանում է ամեն ինչ, ձայնագրում, հետո էլ շանտաժ է անում։

- Անժելիկան նշել է նաև, որ պարոն Մեհրաբյանն ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

- Մեհրաբյանին քանի տարի ճանաչում եմ, միասին մրցումների ենք գնացել, շատ անգամ ընկերներով, կոլեկտիվով հավաքույթների ենք գնացել։ Ամենաշատը 20 գրամ է խմել, ինչ հարբելու մասին է խոսքը։

Նշենք, որ MAMUL.am-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել՝ պարզելու միջադեպի հանգամանքները։ Մյուս մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։


     Հեղինակ՝ Կատարինե Այդինյան

12195 | 0
Facebook