Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հարված և հայհոյանք չի եղել». 17-ամյա մարզուհու թիմակցուհին հերքում է նրա խոսքերը

00:50, հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ.
«Հարված և հայհոյանք չի եղել». 17-ամյա մարզուհու թիմակցուհին հերքում է նրա խոսքերը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2017 թվականի հուլիսին կայացած մինչև 18 տարեկան աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մեկ տարի առաջ, իր մենամարտից հետո, հավաքականի ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ապտակել և հայհոյել է իրեն։ MAMUL.am-ի թղթակիցը նախ զրուցեց 17-ամյա Անժելիկայի հետ, ապա նաև մարզչի՝ Ռաֆայել Մեհրաբյանի հետ, ով հերքեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքները։ Հանգամանքները պարզելու համար MAMUL.am-ի թղթակիցը խոսեց նաև վկաների՝ Անժելիկայի հետ մրցում մեկնած մարզուհիների հետ։ Գերծանր քաշային կարգում հանդես եկող Լիանա Մանուկյանը հերքեց թիմակցուհու բոլոր մեղադրանքները։ Նա զարմացած էր, որ Անժելիկան մեղադրում է մարզչին ապտակելու և հայհոյելու համար։

- Նման բան հաստատ չի եղել։ Պարոն Մեհրաբյանը իր կողմ բերեց Անժելիկայի գլուխը, որպեսզի հանի պաշտպանիչ սաղավարտը, հարված չի եղել այնտեղ։ Ինչ վերաբում է հայհոյելուն, նման բան չի եղել։ Ուղղակի բարկացել է սխալ մարտավարության համար։ Իմ պարտությունից հետո էլ է բարկացել, որովհետև հաղթած մենամարտս տվել եմ մրցակցիս։ Նա միայն բարկանում է մեզ վրա, բայց չկա այնպիսի մարզիչ, որ չբարկանա։ Կարող է կոպիտ խոսել, բայց դա նորմալ է, մարզիչ է։ Բայց չի եղել նման բան, որ ծնողներին հայհոյի, կամ ապտակի։ Չգիտեմ՝ ինչու է Անժելիկան նման բան անում։

- Դու այնտե՞ղ ես եղել։ Տեսե՞լ ես այդ պահը։

- Այո՛, այնտեղ եմ եղել։ Այնտեղ հարված չի եղել, ուղղակի ընկեր Մեհրաբյանը պաշտպանիչ սաղավարտն է հանել։ Ու ասեմ, որ ընկեր Մեհրաբյանի ձայնը կտրված է եղել, քանի որ իմ մենամարտի ժամանակ շատ ակտիվ էր ռինգի մոտ ցուցումներ տվել։ Նա ուղղակի չէր կարող գոռալ իր վրա ու հայհոյել։ Մենք՝ ես ու Անահիտը, Անժելիկայի հետ ենք եղել ողջ ընթացքում, ու նման բան ո՛չ ռինգում, ո՛չ ռինգից դուրս չի եղել։ Ընկեր Մեհրաբյանն Անժելիկային շատ լավ է վերաբերվել, խոսել է հետը, որ հոգեբանորեն ճիշտ տրամադրվի մրցմանը, իրեն ավելի շատ է ուշադրություն դարձրել, քան մեզ, քանի որ միայն իր տարիքն էր համապատասպանում, և նա պետք է պայքարեր պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար։ Անժելիկան էլ միշտ ուրախ-զվարթ էր, հույս ուներ, որ մեդալով է հետ գալու։

- Անժելիկան նշել է, որ պարոն Մեհրաբյանը ողջ ընթացքում եղել է ոչ սթափ վիճակում, ալկոհոլի ազդեցության տակ։

- Մենք նրան մնան վիճակում չենք տեսել։ Կոնկրետ ես չեմ տեսել։ Առհասարակ երբեք նրան ալկոհոլի ազդեցության տակ չեմ տեսել։ Չեմ հասկանում՝ ինչու է Անժելիկան նման բան ասել։ Ես ու Անահիտը, օրինակ, երբ իր հետ կատակում էինք, նա ընկեր Մեհրաբյանին լրիվ ուրիշ ձև էր ամեն ինչ ներկայացնում, ընկեր Մեհրաբյանն էլ մեզ դիտողություն էր անում։ Ոչ միայն մրցումներին, այլև հավաքների ժամանակ մեզ հետ ծիծաղում, ուրախանում էր, գնում էր ընկեր Մեհրաբյանի մոտ լացում, մեզ մեղադրում ու ուրիշ բաներ ասում։ Մի բան էլ ընկեր Մեհրաբյանն էր մեզ վրա ջղայնանում, որ լացացնում ենք իրեն, որ նեղվում է։ Անժելիկան ընդհանրապես բողոքելու տեղ չունի։ Միշտ պաշտպանված է եղել ընկեր Մեհրաբյանի կողմից։ Չգիտեմ՝ ինչո՞ւ է նման բան արել։ Դեռ հավաքներին մեզ երեքիս՝ մրցում գնացողներիս, կանչում խոսում, քննարկում էր մեզ հետ։ Միշտ մեզ հետ սիրով է եղել, ժպիտով։

- Անժելիկան նշել է նաև, որ ձեզ մարզել է վրացի մարզիչը, ոչ թե պարոն Մեհրաբյանը, քանի որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

- Չի եղել նման բան, ծիծաղելի է ուղղակի։ Եթե ընկեր Մեհրաբյանն ալկոհոլի ազդեցության տակ լիներ, բոլորն էլ կնկատեին դա։ Չի եղել նման բան։ Միշտ մեզ հետ է եղել ընկեր Մեհրաբյանը։ Իսկ վրացի մարզիչն ուղղակի օգնել է մրցումների ընթացքում, քանի որ մենք առանց երկրորդ մարզիչ էինք մեկնել այնտեղ։ Բացի այդ ես կարդացել եմ, որ Անժելիկան ասել է, որ մեր իրերի հետ ալկոհոլ ենք տեղափոխել, որ նա խմի այնտեղ։ Չկա նման բան։ Մեր ուղեբեռի մեջ ոչ մի ալկոհոլ չի տեղափոխվել, մենք ֆեդերացիայի գույքն ենք տեղափոխել, որ ֆեդերացիան ավելորդ գումար չվճարի։ Ամեն տարի ֆեդերացիան գույք՝ մարզահագուստ և մարզակոշիկներ է ստանում, որը բերելու համար պետք է գումար ծախսեր։ Որ ավելորդ գումար չծախսի, մենք ենք բերել այդ գույքը։ Ոչ թե ալկոհոլ ենք տեղափոխել։ Ընկեր Մեհրաբյանին ֆեդերացիայի փոխնախագահ Լիանա Թադևոսյանն էր զանգահարել, որ բերենք այդ տուփերը։ Հենց իմ հեռախոսով, իմ ներկայությամբ են խոսել։

- Քո կարծիքով, ինչո՞ւ է Անժելիկան մեկ տարի լռելուց հետո հիմա բարձրաձայնել այս մասին։

- Չեմ իմանում։ Նա ռինգից դուրս գալուց ասաց, որ հոգեբանորեն պատրաստ չէր։ Կարող էր, օրինակ, մենամարտից առաջ ասել, ընկեր Մեհրաբյանն իրեն կպատրաստեր մենամարտին։ Բայց նա չասած ոչինչ ու լարված մտավ ռինգ։ Մենք բրոնզե մեդալի համար էինք պայքարում, եթե բրոնզե մեդալ նվաճեինք, ապա աշխարհի առաջնության վարկանիշ ձեռք կբերեինք, նա էլ կկարողանար պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցել։ Մենամարտից հետո նա միանգամից զանգել է ծնողներին ու մեկը հազար սարքած պատմել։ Առհասարակ, նա միշտ խառնակիչ է եղել թիմում։ Ամեն օր ձայնագրում ու տեսանկարահանում էր մեզ ու ուղարկում ծնողներին։ Ինքը միշտ բոլորին ձայնագրում էր ու ինչ-որ վեճեր հրահրում։ Նրա գործերը քույրը՝ Նանեն է կառավարում։ Ամեն ինչ սովորեցնում է՝ ում հետ ինչպես պետք է խոսի։

- Անժելիկան նշել է նաև, որ պարոն Մեհրաբյանը ձեզ՝ քեզ ու Անահիտին, նույնպես հայհոյել է, ու դուք ձեր ծնողների հետ միասին բողոքել եք ֆեդերացիայում։

- Նման բան չի եղել։ Իմ ու Անահիտի ծնողները չեն գնացել ֆեդերացիա ու ոչ մի բողոք չեն ներկայացրել։ Նման բան չկա։ Բուլղարիայից հետ գալուց որոշ ժամանակ անց մեզ ֆեդերացիա կանչեցին։ Ես և Անահիտը գնացինք, տեսանք, որ ֆեդերացիայում է նաև Անժելիկայի մայրը և քույրը։ Ֆեդերացիայի փոխնախագահ Լիանա Թադևոսյանը մեզ հարցեր էր տալիս, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Հետո Անժելիկայի մայրն ու քույրն սկսեցին պատմել այնպիսի բաներ, որ մենք նույնիսկ չգիտեինք, որ մեզ հետ տեղի է ունեցել Բուլղարիայում։ Ստեր էին պատմում, զարմացել էինք։ Մենք Անահիտի հետ ասել ենք, որ նման բան տեղի չի ունեցել։ Մենք ասել ենք, որ հայհոյանք կամ անձնական վիրավորանք, առավել ևս ապտակ չի եղել։

Նշենք, որ MAMUL.am-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել՝ պարզելու միջադեպի հանգամանքները։ Մյուս մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։

Հեղինակ՝ Կատարինե Այդինյան

5988 | 0
Facebook