Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իմ գործը Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չտալն է». Արթուր Վանեցյան

11:40, երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ.
«Իմ գործը Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չտալն է». Արթուր Վանեցյան

Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի: Այս մասին հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Ես պրոֆեսիոնալ սպա եմ և իմ գործն անվտանգության ապահովելն է, և թույլ չտալը որևէ ոտնձգություն Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ: Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ հարևան երկրից ամենաբարձր մակարդակներով գրեթե ամեն օր հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման հայտարարություններ են հնչում։ Բնականաբար, մեր անվտանգության համակարգը պետք է պատրաստ լինի արձագանքելու այս սպառնալիքներին։ Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի և սրան են ուղղված մեր ջանքերը»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախ կատարած այցի ընթացքում Արթուր Վանեցյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, և մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»: Այս հայտարարությունը քննարկման թեմա էր դարձել մամուլում, արձագանք էր եղել նաև Ադրբեջանից:

5724 | 2
Facebook