ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին ուղիղ բանակցությունների կոչ է արել՝ Կերչի նեղուցում տեղի ունեցել լարվածությունից հետո: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
«Երկու կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և հետևեն միջազգային պարտավորություններին և համաձայնություններին: Մենք նախագահներ Պորոշենկոյին և Պուտինին կոչ ենք անում ուղիղ բանակցություններ անցկացնել՝ իրավիճակը կարգավորելու համար: Այդ կապակցությամբ կրկին հաստատում ենք մեր աջակցությունը Նորմանդյան քառյակի ձևաչափին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փոմփեոն նաև կոչ է արել Ռուսաստանին վերադարձնել գրավված ուկրաինական նավերը:
Ավելի վաղ իրավիճակը քննարկել էին Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդները:
Նոյեմբերի 25-ին Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական 3 ռազմանավի վրա: Ուկրաինական կողմը նշում է, որ Ռուսաստանի ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել: