ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտակարգ նիստ կանցկացնի՝ կապված Կերչի նեղուցում իրավիճակի կտրուկ սրման հետ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, փոխանցում DW-ը:
Նշվում է, որ նիստը կհրավիրվի Ռուսաստանի և Ուկրաինայի պահանջով: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկու խոսքով՝ Մոսկվան պնդել է արտակարգ նիստ հրավիրել՝ «Ազովի ծովում իրավիճակի վտանգավոր զարգացման ֆոնին»:
Իր հերթին, ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն հստակեցրել է, որ ԱԽ արտակարգ նիստ է հրավիրվում «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ֆոնին»:
Նշենք, որ կիրակի օրը Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական 3 ռազմանավի վրա: Ուկրաինական կողմը հայտարարում է, որ Ռուսաստանի ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել: Ռազմական դրություն մտցնելու մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Կիևում ռուսական դեսպանատան դիմաց բողոքի ակիցա է անցկացվել: