Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՎՏԲ բանկը Տիգրան Ուրիխանյանին 90 միլիոն դրամի վարկ է ներել». Լիպարիտ Սիմոնյան

17:25, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
«ՎՏԲ բանկը Տիգրան Ուրիխանյանին 90 միլիոն դրամի վարկ է ներել». Լիպարիտ Սիմոնյան

Այսօր լրագրողների հետ է հանդիպել «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Նա նշել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ հետապնդման պատճառը լրատվամիջոցի անդրադարձն է որոշ թեմաների, ավելի ստույգ` ՎՏԲ բանկի դեմ հրապարակումներին:
    
«Անի Հովհաննիսյանը մեղադրվում էր ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին ենթադրյալ շորթելու համար, հետո մեղադրանք առաջադրվեց Կարեն Բաբախեկյանին իբր շորթելու համար, հետո այդ դրվագը կարճվեց և ինչ-որ տեղից ծլեց «ՎՏԲ» բանկի դրվագը, ինչ է, թե «Անալիտիկ» կայքի գովազդային բաժնի աշխատակիցը զանգել էր այդ բանկ և գովազդի առաջարկ արել»,- ասել է Լիպարիտ Սիմոնյանը:
     Ըստ պաշտպանի` իրականում Ուրիխանյանն ինքն էր ցանկացել համագործակցել կայքի հետ՝ բանկում ադրբեջանական կապիտալի վերաբերյալ նյութեր ներկայացնելով: «Անիի հետ հանդիպումից հետո նա հայտարարել էր, որ խնդրի մասին պետք է խոսի նաև Ազգային ժողովում: Սակայն հետո shame.am կայքը գրեց, որ Տիգրան Ուրիխանյանին նշված բանկում 90 միլիոն դրամի վարկը ներվել է: Նախաքննական մարմինը, սակայն, մերժել է հարցի առնչությամբ տվյալներ տրամադրել, ինչից հիմնավոր կասկածներ են ծագում, որ վարկը նրան ներվել է Անի Հովհաննիսյանի դեմ հայց ներկայացնելու համար: Իսկ Անի Հովհաննիսյանի դեպքում, գովազդային գործակալը գովազդի առաջարկ է անում, իսկ դա դիտվում է այնպես, թե իբր Անի Հովհաննիսյանը քողարկված նպատակ է ունեցել բանկից շորթում կատարելու»,- ասել է պաշտպանը:
     Վերջինի խոսքով, Անի Հովհաննիսյանի դեմ ցուցմունք տվողներից մեծամասնությունը նախկինում դատված է եղել. «Նրանից մեկն էլ «Ալյանս» կուսակցության գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանն է, ում դեմ վճիռ կա խարդախություն կատարելու համար»:
     Պաշտպանի տեղեկացմամբ, գործն ուղարկվել է Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատական նիստը դեռ նշանակված չէ:
     Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ մի մասով՝ «ՎՏԲ» բանկից, մյուս մասով ՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից:
     Կատարած արարքների համար Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

4277 | 1
Facebook