Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավարտվել է «Analitik.am» կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանի վերաբերյալ գործի նախաքննությունը

20:05, չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2016 թ.
Ավարտվել է «Analitik.am» կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանի վերաբերյալ գործի նախաքննությունը

ԱԺ պատգամավորից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության և ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջիններից շորթել է խոշոր չափերի գումարներ:
     Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Analitik.am» կայքի տնօրենը պարբերաբար հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին և նրա մերձավորներին արատավորող, նրանց օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ: Դրանց վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, ով պատգամավորից ամսական 300.000 ՀՀ դրամ է պահանջել` հակառակ դեպքում սպառնալով շարունակել նմանատիպ հրապարակումները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 3-ին Երևան քաղաքի «Coffi story» սրճարանում հանդիպել են վերջիններիս ներկայացուցիչները՝ Վ. Գիշյանն ու Ս. Հարությունյանը, ինչի մասին Տ. Ուրիխանյանը նախապես տեղեկացրել էր իրավապահ մարմիններին: Հանդիպման ընթացքում պատգամավորի ներկայացուցիչ Ս. Հարությունյանը Անի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Վ. Գիշյանին է փոխանցել պահանջված գումարը, որից հետո իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառման արդյունքում Վ. Գիշյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է Ա. Հովհաննիսյանի շորթած 300.000 ՀՀ դրամ գումարը:
     Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա. Հովհաննիսյանը, խոշոր չափերի` 1 մլն ՀՀ դրամի շորթում կատարելու դիտավորությամբ, 2016թ. փետրվարի 2-ից մինչև մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում, «Analitik.am» լրատվական կայքում պարբերաբար արատավորող տեղեկություններ է հրապարակել Հայաստանի տնտեսության համար «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի գործունեության, իբր, վնասակարության, Ադրբեջանի Հանրապետության կողմից բանկի միջոցով ՀՀ-ում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ: Այնուհետև Անի Հովհաննիսյանը «Analitik.am» լրատվական կայքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պայմանագիր կնքելու, սակայն իրականում արատավորող տեղեկությունների հրապարակումը շարունակելու սպառնալիքով 1 մլն ՀՀ դրամ գումար տրամադրելու քողարկված պահանջով դիմել է բանկին:
     Բանկի կողմից մերժում ստանալուց հետո՝ 2016թ. մարտի 17-ից սկսած, Ա. Հովհաննիսյանը շարունակել է «Analitik.am» լրատվական կայքում բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը:
     Կատարած հանցավոր արարքների համար Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
    
     ՀՀ հատուկ քննչական ծառայություն

3193 | 0
Facebook