Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպիսի՞ անհատականություն եք Դուք, ի՞նչ օգուտներ կարելի է քաղել դրանից

20:00, երկուշաբթի, 09 հունվարի, 2017 թ.
Ինչպիսի՞ անհատականություն եք Դուք, ի՞նչ օգուտներ կարելի է քաղել դրանից

Հավանաբար, Դուք հաճախ եք հայտնվում այնպիսի իրավիճակներում, երբ մարդիկ բողոքում են իրենց մտերիմներից ու ընկերներից. պայմանավորվածություն եք ձեռք բերել ինչ-որ բանի շուրջ կամ ինչ-որ բան են խոստացել և չեն արել, ասել են ու չեն եկել և այդպես շարունակ: Այդ ամենը բազմաթիվ կոնֆլիկտների պատճառ է դառնում, ինչից բոլորն են խուսափում, քանի որ կոնֆլիկտները փչացնում են տրամադրությունը, մարդկային հարաբերություներն ու մոտիվացիան:
     Ինչպես հիշում եք, նախորդ հոդվածում մենք արդեն խոսել ենք 2017թ. մեր առջև դրված նպատակներին փոքրիկ քայլերով հասնելու մասին: Բայց կարող է լինել հետևյալը. դուք հաղթահարում եք այս ամենը, ու պարզվում է, որ փոքրիկ քայլերի եղանակը ձեր դեպքում չի գործում: Հենց այդ պատճառով այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես են իրենց առջև նպատակներ դնում անհատականության տարբեր տեսակները: Կարդալով հոդվածը` որոշեք` ինչպիսի անհատականություն եք ու ինչ քայլեր պետք է անել:
     Ֆունկցիոնալության տեսանկյունից` անհատականությոնները լինում են ռացիոնալ և իռռացիոնալ:
     Ռացիոնալ տեսակին պատկանող մարդիկ միշտ գիտեն, թե ինչ են անելու ուրբաթ երեկոյան, ում հետ, երբ և որտեղ: Այլ կերպ ասած` ռացիոնալները շատ հետևողական են ու կազմակերպված: Իռռացիոնալ մարդիկ, ընդհակառակն, ավելի ինքնաբուխ են ու իմպուլսիվ: Դրանից ելնելով` երկրորդ տիպին պատկանող մարդիկ առավել անկանխատեսելի են ու որպես հետևանք` նրանց հանդեպ վստահությունն այդքան էլ մեծ չէ:
     Ռացիոնալ մարդիկ ավելի հաճախ են օրինակ դառնում, իսկ ահա իռռացիոնալներին համարում են անկայուն ու թեթևամիտ: Չնայած նրանք ևս կարող են մեծ հաջողությունների հասնել:
     Եթե ռացիոնալ մարդիկ երազում են մեծ ընկերություներում հստակ գրաֆիկով աշխատանքի մասին, ապա իռռացիոնալները պարզապես սարսափում են գրաֆիկից, հաշվետվություններից և վերջնաժամկետներից: Նրանք գերադասում են աշխատել իրենց վրա կամ էլ այնպիսի ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է ստեղծագործական ներուժ և գոյություն չունեն կոշտ պահանջներ:
     Եթե անհատականությունների այս 2 տիպերը դիտարկենք ավելի մանրամասնորեն, ապա ռացիոնալի հիմնական չափանիշներն հետևյալն են.
     • Ամեն ինչ պետք է հստակորեն ծրագրված լինի. կա մի մեծ նպատակ և բազմաթիվ ենթանպատակներ: Նա հետևողականորեն առաջ է գնում նպատակին հասնելու համար և հանգիստ է վերաբերվում ամենօրյա միապաղաղ աշխատանքին:
     • Աշխատունակությունը կապ չունի տրամադրության հետ. ռացիոնալները ցանկացած տրամադրության դեպքում կարողանում են կենտրոնանալ և զայրանում են, երբ չկանխատեսված հանգամանքներից ելնելով` ստիպված են լինում ինչ-որ բան փոփոխել:
     • Ցանկացած նոր բան ուսումնասիրում են սկզբից մինչև վերջ:
     • Իրենց օրն ու շաբաթը ծրագրում են նախօրոք:
     Ռացիոնալներին գնահատում են աշխատանքի որակի, պարտաճանաչության և ամեն հարցում կարգապահության համար:
     Այժմ անդրադառնանք իռռացիոնալներին. ինչպիսի հատկանիշներով են նրանք տարբերվում ռացիոնալներից:
     • Ձգտում են հաջողության հասնել տարբեր բնագավառներում, ունեն մի քանի նպատակ, ու երբ չեն կարողանում հասնել մի նպատակին, հեշտությամբ անցնում են հաջորդին: Նրանք փորձում են խուսափել միապաղաղությունից: Չեն սիրում կարգուկանոնն ու միշտ «ստեղծագործական թափթփվածության» վիճակում են գտնվում:
     • Աշխատում են տրամադրությունից ելնելով, ինքնաբուխ են և հեշտորեն կողմնորոշվում են անկանխատեսելի իրավիճակներում:
     • Ցանկացած նոր բան ուսումնասիրում են այնքանով, որքանով դա իրենց հետաքրքիր է:
     • Ոչինչ չեն ծրագրում, քանզի ամեն ինչ կախված է իրենց տրամադրությունից:
     Իռռացիոնալներին, որպես կանոն, ավելի քիչ են գնահատում, քան ռացիոնալներին: Իռռացիոնալներն ավելի ուշ են արդյունքի հասնում ու թեթևամիտ են երևում:
     Հուսով ենք, այս հոդվածն օգնեց հասկանալ ինքներդ Ձեզ ու Ձեր հարազատներին: Այժմ Դուք գիտեք` անհատականության որ տեսակին եք պատկանում:
     Հետագայում կշարունակենք խոսել իռռացիոնալների, նրանց` հաջողության հասնելու մասին: Դե իսկ ռացիոնալների դեպքում ամեն ինչ հստակ է. նրանք նպատակ են դնում իրենց առջև, կարողանում են կառավարել իրենց ժամանակը և համառ աշխատանքի արդյունքում հասնում այն ամենին, ինչ ցանկանում են:
    
     Հեղինակ՝ Արշալույս Մուշկամբարյան
     Հոգեբան, կոնֆլիկտաբան
     Ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ

7851 | 0
Facebook