Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երազանքների շարքը շարունակվում է». Վարուժան Մարտիրոսյանը՝ Սլովակիայի չեմպիոն հռչակվելու և առաջիկա ծրագրերի մասին

22:46, երկուշաբթի, 14 մարտի, 2016 թ.
«Երազանքների շարքը շարունակվում է». Վարուժան Մարտիրոսյանը՝ Սլովակիայի չեմպիոն հռչակվելու և առաջիկա ծրագրերի մասին

Փետրվարի 26-ին Սլովակիայի Տրնավա քաղաքի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցային համալիրում կայացած մենամարտը հաղթելով՝ 24-ամյա հայազգի բռնցքամարտիկ Վարուժան Մարտիրոսյանը հռչակվեց Սլովակիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն։ Մեր հայրենակիցը մրցակցին՝ Հունգարիայի չեմպիոն Ռոլանդ Նագիին նոկաուտի ենթարկեց առաջին ռաունդում՝ տիրելով չեմպիոնական գոտուն։
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում բռնցքամարտիկը նշեց, որ հաղթանակն անսպասելի էր.
     «Այդ օրվան սպասել եմ համարյա 5 տարի։ Գոտին ավելի քան երազանք էր ինձ համար։ Հակառակորդս Հունգարիայի չեմպիոն է, հենց սկզբից ինձ բարդ մենամարտ էր սպասում, բայց, ռինգ դուրս գալուց առաջ աղոթում էի Աստծուն, որ ինձ հետ լինի։ Հաղթանակն անսպասելի էր թե՛ ինձ, թե՛ մարզչիս, թե՛ երկրպագուներիս համար։ Ուրախ եմ, որ արտերկրում ապրելով՝ ինչ-որ կերպ ներկայացնում եմ իմ երկիրը։ Մարդիկ, ովքեր անգամ չգիտեին Հայաստանի գոյության մասին, հիմա արդեն շատ բան գիտեն։ Մեր բնակավայրում միակ հայ ընտանիքը մերն է։ Սպորտում գրանցածս հաջողությունները շատերը հարգում են և սիրում են հայերին՝ իրենց խոսքով՝ իմ գլխավորությամբ (ժպտում է – խմբ․)»,- նշեց Մարտիրոսյանը։
     Վարուժանն ընտանիքով Սլովակիա է տեղափոխվել 2006 թվականին։ 2007-ին նա սկսել է զբաղվել բռնցքամարտով՝ ոգեշնչվելով հայազգի անվանի բռնցքամարտիկների օրինակով․
     «Մանուկ հասակից սեր ունեի բռնցքամարտի նկատմամբ։ Նայելով Վիկի (Վիկ Դարչինյան – խմբ.) և Արթուրի (Արթուր Աբրահամ – խմբ.) մենամարտերը՝ ցանկացա ճանաչված դառնալ։ Վաղ տարիքից նրանք ոգեշնչում էին ինձ։ Ճիշտ է հիմա, երբ պրոֆեսիոնալ եմ, նրանց կուռք չեմ համարում, բայց մանկությանս տարիներին՝ անշուշտ»։
     Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Վարուժանը նշեց.
     «Երազանքների շարքը շարունակվում է։ Ամռանը կպայքարեմ Եվրոպայի չեմպիոնի՝ EBU վարկածով գոտու համար, որն աշխարհում ամենահեղինակավորն է։ Հետագայում, Աստծո կամոք, կպայքարեմ աշխարհի չեմպիոնի գոտու համար։ Ուզում եմ անպայման առանձնացնել, որ մարզչիս՝ Ռոման Պոլգարին։ Թեև կարճ ժամանակ է, ինչ պայմանագիր ենք կնքել, բայց մեծատառով մարդ է, հոյակապ մարզիչ ու լավ ընկեր։ Ուրախ եմ, որ նման մարդու հետ եմ աշխատում»։
     Վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ AIBA-ն մտադիր է թույլատրել պրոֆեսիոնալ բռնքամարտիկներին մասնակցել օլիմպիական խաղերին։ Հարցին, թե ինչ կարծիք ունի այդ որոշման շուրջ, Մարտիրոսյանը պատասխանեց.
     «Շատ վատ։ Պրոֆեսիոնալ ռինգը խառնել սիրողականի հետ ճիշտ չէ, քանի որ պրոֆեսիոնալները քիչ հնարավորություններ կթողնեն սկսնակների համար։ Իմ սուբյեկտիվ կարծիքն այդ առումով բացասական է։ Իհարկե, օլիմպիական խաղերի ոսկե մեդալը գայթակղիչ է, բայց ընդհանուր իմաստը դուրս չի գալիս։ Ամեն դեպքում, երբ որոշումն ընդունվի, եթե առաջարկ ստանամ, կփորձեմ ուժերս օլիպիական ռինգում»։
     Վերջում Մարտիրոսյանը շնորհավորեց բոլոր կանանց միամսյակը.
     «Աշխարհի բոլոր կանանց ու մայրիկներին անվերջ առողջություն և երկար տարիների կյանք եմ մաղթում՝ իմ մայրիկի գլխավորությամբ»։

5523 | 0
Facebook