Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գորիկ Գուրգենիչի կադրերը դեռ երկար ժամանակ չեն ընդունի երիտասարդին». Գ. Եղիազարյան

12:20, երեքշաբթի, 16 փետրվարի, 2016 թ.
«Գորիկ Գուրգենիչի կադրերը դեռ երկար ժամանակ չեն ընդունի երիտասարդին». Գ. Եղիազարյան
     ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ տարօրինակ է, բայց ինքը ողջունում է, որ երիտասարդ կադր է նշանակվել ԱԱԾ տնօրենի պաշտոնում: Եղիազարյանը հույս հայտնեց, որ կառույցի աշխատանքային տրամաբանությունը միգուցե փոխվի: Սակայն ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում: Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Գեորգի Կուտոյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու պահանջով։ Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ չեն պահպանվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, ըստ որի՝ այդ պաշտոնում «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»: Եղիազարյանին հարցրինք նաև՝ կարո՞ղ է արդյոք ԱԱԾ պետ նշանակվել մի մարդ, ով, ըստ Փոստանջյանի, չի բավարարում վերը նշված պահանջները. «ԱԱԾ պետը նախ և առաջ քաղաքական դեմք է, իսկ մենք ունենք մեր դիմաց մի երիտասարդի, ով լավագույն կրթություն է ստացել և զբաղեցրել բարձր պաշտոններ: ԱԱԾ-ում աշխատելու համար պետք են առաջին հերթին հայրենասիրություն, մասնագիտական գիտելիքներ և փորձ։ Իհարկե լավ կլիներ, որ այդ պաշտոնում նշանակված կադրը լիներ համակարգի ներսից: Բայց այսօր արդեն նշանակել են Կուտոյանին, ով քաղաքական դեմք է և ոչ ԱԱԾ-ական: Այստեղ միակ խնդրին այն է, որ Գորիկ Գուրգենիչի կադրերը դեռ երկար ժամանակ չեն ընդունի երիտասարդին»։
     Տեղեկացնենք, որ Գեորգի Կուտոյանի նշանակման վերաբերյալ մեզ հետ զրույցում այսօր կարծիք էր հայտնել նաև քաղաքական գործիչ Արամ Հարությունյանը: «Կենսագրությունը նայում ենք` նորմալ, գրագետ անձնավորություն է, բայց խնդիրը նրանում է, թե ինչպես կդրսևորի իրեն պաշտոնավարելիս` կլինի՞ ազատ և անկաշկանդ, թե՞ կկատարի իրեն տրվող հրահանգները»,- ասել էր նա:
     Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱԱԾ տնօրեն: ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական:
5463 | 0
Facebook