Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սերժ Սարգսյանը դաժան է նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր պատրաստ են «ֆաս» հրամանից հետո «հարձակվել» ցանկացածի վրա». Արամ Հարությունյան

11:30, երեքշաբթի, 16 փետրվարի, 2016 թ.
«Սերժ Սարգսյանը դաժան է նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր պատրաստ են «ֆաս» հրամանից հետո «հարձակվել» ցանկացածի վրա». Արամ Հարությունյան

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության հարցն, այն պարագայում, երբ վերջինը համարվում է ՀՀ նախագահի, այսպես ասած` ամենից սիրված և ընդունված երիտասարդ ՀՀԿ-ականը, կարծիք հայտնեց, որ այն մարդիկ, ովքեր այսպես ասած` ինքնամոռաց ձևով ծառայում են Սերժ Սարգսյանին և պատրաստ են «ֆաս» հրամանից հետո «հարձակվել» ցանկացածի վրա, նա այդ մարդկանց նկատմամբ նաև դաժան է. «Սերժ Սարգսյանի մոտ թիմի գաղափար չկա, եթե այսպես նայենք` ամենամեծ ծառայությունը Ս. Սարգսյանին մատուցել է Ռոբերտ Քոչարյանը, երբ որ հոկտեմբերի 27-ին նրան չտվեց երկրապահի ձեռքը: Ամենամեծ ծառայությունը մատուցել է Հովիկ Աբրահամյանը, երբ որ եղել է իր շտաբի պետը բոլոր ընտրությունների ժամանակ»,- ասաց Արամ Հարությունյանը` հիշելով 2015 թվականի փետրվարի 12-ին Ծառուկյանի դեմ ուղղված Աշոտյանի «ջախջախիչ» ելույթը:
     Արդյոք ԿԳ նախարարի փոխվելուց հետո կբարելավվի՞ կրթական համակարգը, հարցին էլ պատասխանեց. «Մենք հասկանում ենք, որ դպրոցների հերն անիծված է, ընդունելության համակարգը խայտառակություն է… Կրթական համակարգն, ինչ-որ տեղ, պետք է ազատության դարբնոց լինի: Եթե տնօրենների մեծ մասը հանրապետականներ են և ներքաշվում են քաղաքական, ընտրական գործընթացներում, այդ աշակերտներն, այլևս, ինչպե՞ս կարող են վերաբերվել այդ ուսուցչին ու դպրոցին…Ցավալի է նաև, որ լավ գիտելիք ստացած տաղանդավոր երեխան տեղ չունի Հայաստանում, որովհետև ինքը տեսնում է անարդարություն, և գիտի, թե այստեղ որն է առաջխաղացման սկզբունքը: Աղջիկների համար դիպլոմներն օժիտ են, տղաների համար բուհ ընդունվելը բանակից խուսափելու միջոց, թեպետ այսօր տարկետում չեն էլ տալիս»:
     Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի նոր տնօրենին, մեր զրուցակիցն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանի նշանակումները: «Չեմ գտնում, որ առանձին վերցրած որևէ կադր պետք է մեկնաբանվի… Կենսագրությունը նայում ենք` նորմալ, գրագետ անձնավորություն է, բայց խնդիրը նրանում է, թե ինչպես կդրսևորի իրեն պաշտոնավարելիս` կլինի՞ ազատ և անկաշկանդ, թե՞ կկատարի իրեն տրվող հրահանգները»:

4271 | 0
Facebook