Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վիգեն Սարգսյանը պետք է պատշաճ պատասխանի Սեյրան Օհանյանի կնոջ՝ մեծ աղմուկ բարձրացրած գրառմանը». Նիկոլ Փաշինյան

11:40, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
«Վիգեն Սարգսյանը պետք է պատշաճ պատասխանի Սեյրան Օհանյանի կնոջ՝ մեծ աղմուկ բարձրացրած գրառմանը». Նիկոլ Փաշինյան
     ԱԺ ճեպազրույցների մասին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը, հայտարարել է, որ հարցը պետք է պատշաճ արձագանք ստանա: «Տպավորություններ կան, որ նա խոսում է Վիգեն Սարգսյանի մասին ու եթե դա այդպես է, ճիշտ կլինի, որ նախարարը պարզաբանումներ տա 1992-ի՝ իր բանակ չզորակոչվելու պատճառների մասին: Կարծում եմ, որ Վիգեն Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ արված գրառումը, որ 2000-2003թթ ծառայել է ԶՈւ-ում, պետք է պարզաբանվի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իմանան, որ դա իրականացվել է Սերժ Սարգսյանի ընդունարանում»:
     Հիշեցնենք՝ Ռուզաննա Խաչատրյանը, մասնավորապես, գրել էր. «...Եվ հանկարծ աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին:
     Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։
     Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜ , բարքեր»։
     Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը...»:
     Ասուլիսի ժամանակ շարունակելով Վիգեն Սարգսյանի վարքագծի թեման՝ Փաշինյանն անդրադարձել է նաև Աժ-ում նախարարի հայտնի ելույթին. «Ծայրահեղ անպատշաճ վարքագիծ է, որ ողջ կյանքը կաբինետներում անցկացրած նախարարը կամավորականի պատվոգիրը փորձում է կասկածի տակ դնել կամ այլ լույսի ներքո ներկայացնել»,- ասել է պատգամավորը՝ նկատի ունենալով Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, որտեղ վերջինը կասկածի տակ էր դրել խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի ստացած ՊՆ պատվոգիրը:
     Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարը, դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին, ասել էր. «Հասկանում եմ, պարո՛ն Միրզոյան, Դուք ձեզ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, բայց զարմանում եմ՝ ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո. Ձեր ո՞ր արածի համար»:
     «ՊՆ-ի կողմից պատվոգիր եմ ստացել, որովհետև որպես կամավոր ապրիլի 2-ից հետո մեկնել եմ առաջնագիծ ու կատարել իմ առջև դրված մարտական հանձնարարությունը, որը եղել է ինժեներական աշխատանքների տեսքով»,- պատասխանել էր Միրզոյանը:
8449 | 2
Facebook