Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անգիտակից վիճակում գտնվող հայ սամբիստի վերաբերյալ նախարարությունը հակասական հայտարարություն է տարածել

15:50, երկուշաբթի, 28 օգոստոսի, 2017 թ.
Անգիտակից վիճակում գտնվող հայ սամբիստի վերաբերյալ նախարարությունը հակասական հայտարարություն է տարածել

Այսօր Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանի կյանքին վտանգ է սպառնում։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատասխան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մարզիկի առողջական վիճակն իրենց հսկողության տակ է։ Փաստացի, այս հայտարարությունը հակասում է ֆեդերացիայի հայտարարությանը, որում նշվում է, որ պատկան մարմինները չեն զբաղվում խնդրով։

«Հայ սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարությամբ՝ մարզիկի ինքնազգացողության վերաբերյալ, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հետ, ում անձնական միջամտությամբ հայ մարզիկին մոտ 10 օր հետո կատարվելու է թվով 7-րդ վիրահատությունը: Տեղեկացնենք, որ 2017 թվականի մայիսի 18-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունից հետո, մարտական սամբոյի 62 կգ քաշային Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը երեկոյան հյուրանոցում կտրուկ վատացել է և բժիշկներն արձանագրել են արյան զեղում՝ գլխի շրջանում: Դեպքից հետո Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հետ մարզիկին այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նա շուրջ մեկ ժամ զրուցել և մանրամասն ծանոթացել է հայ մարզիկի առողջական վիճակին և ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ՝ Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը համապատասխան վիճակի բերելուց հետո, նրան Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության մասնագիտացված հոսպիտալ տեղեփոխելու, այնտեղ վերականգնողական բուժում իրականացնելու և մարզիկին հայրենիք տեղափոխելու վերաբերյալ:

Նշենք, որ հայ մարզիկը այժմ գտնվում է Մինսկի քաղաքային շտապօգնության հիվանդանոցում, որի բուժանձնակազմին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն Կարապետյանը դեռևս գտնվում է անգիտակից վիճակում և առայժմ հնարավոր չէ նրան տեղափոխել Երևան:

Կոլյա Կարապետյանի բուժման և նրան հայրենիք տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, բացի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, բելառուսական կողմի հետ համագործակցում են նաև ՀՀ ոստիկանությունը, ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարությունները:

Կոլյա Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ լինելուց անմիջապես հետո հանրությանը կտեղեկացվի այդ մասին»,- նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

4345 | 0
Facebook