Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայի 2017 թվականի առաջնության բրոնզե մեդալակրի կյանքը վտանգի մեջ է. պատկան մարմինները լռում են

14:20, երկուշաբթի, 28 օգոստոսի, 2017 թ.
Եվրոպայի 2017 թվականի առաջնության բրոնզե մեդալակրի կյանքը վտանգի մեջ է. պատկան մարմինները լռում են

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այս տարվա մայիսին կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կոլյա Կարապետյանը մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ։ Այսօր Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնեցին, որ այս պահին մարզիկի կյանքը վտանգի մեջ է, սակայն պատկան մարմինները չեն վերահսկում իրավիճակը։

«Մայիսի 18-ի երեկոյան, հյուրանոցում կտրուկ վատանալով, Կոլյա Կարապետյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց և ենթարկվել վիրահատության: Ըստ բժիշկների՝ մարզիկի մոտ արձանագրվել է գլխի շրջանում արյան զեղում: Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ օրը կատարվել է նաև երկրորդ վիրահատությունն, ավելի ուշ՝ երրորդը, չորրորդը: Ճիշտ է, «Մինսկի քաղաքային շտապ օգնության» հիվանդանոցի հոգատար ու արհեստավարժ բուժանձնակազմի ջանքերով Կոլյա Կարապետյանի կյանքը հաջողվել է փրկել, բայց նա գտնվում է անգիտակից վիճակում, երկարատև բուժման կարիք ունի և նրան դեռևս հնարավոր չէ տեղափոխել Երևան:

Ցավոք, նույն հիվանդանոցի վարչակազմը Կոլյայի բուժման համար պահանջում է անհապաղ վճարումներ կատարել, այլապես չեն կարող երկարաձգել Կոլյա Կարապետյանի՝ Բելառուսում մնալու կարգավիճակի միջնորդությունը: Մինչդեռ մեր երկրների միջև գործում է դեռևս 1997թ. մարտի 27-ին ստորագրված՝ «ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներին բուժօգնության ցուցաբերելու մասին Համաձայնագիրը», որի երկրորդ հոդվածում հստակ նշված է, որ նման իրավիճակներում բուժօգնությունը տրամադրվում է անվճար՝ մինչև այն պահը, երբ հնարավոր է դառնում հիվանդին տեղափոխել երկրից: Հիվանդանոցից Կոլյայի հորը, ով խնամում է որդուն, տեղեկացրել են նաև, որ վճարումներ չլինելու դեպքում, հիվանդին չեն կարող պահել և շարունակել բուժումը: Նման սպառնալիքներ նախկինում էլի են եղել: Խնդրին տեղյակ են թե Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, թե՛ Ոստիկանությունում (նա կրտսեր օպեր լիազոր է), թե՛ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, թե՛ Առողջապահության նախարարությունում, թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, թե՛ Արտաքին գործերի նախարարությունում:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ֆինանսական միջոցներ չունի և չի կարող հոգալ հիվանդանոցի ծախսը, պարզապես ժամանակ շահելու համար է նախկինում երաշխավորական գրություն ուղարկել՝ համոզված, որ մեր կառավարությունը լուծում է տալու խնդրին, և հայ մարզիկին, ով ներկայացրել է մեր պետությունը պաշտոնական մրցումներին, ում մրցելույթների պատվին Եվրոպայի առաջնությանը բարձրացվել է հայոց եռագույնը, իսկ հիմա մեր բոլորի, առաջին հերթին՝ պետության աջակցության կարիքն ունի, չի թողնելու բախտի քմահաճույքին»,- նշված է հայտարարության մեջ։

5001 | 2
Facebook