Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը հրթիռակոծել է Հոմս քաղաքի կառավարական ռազմաբազան՝ ի պատասխան Իդլիբում քիմիական հարձակման

10:35, ուրբաթ, 07 ապրիլի, 2017 թ.
ԱՄՆ-ը հրթիռակոծել է Հոմս քաղաքի կառավարական ռազմաբազան՝ ի պատասխան Իդլիբում քիմիական հարձակման

Երեկ երեկոյան Միացյալ Նահանգները թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, որտեղից իրականացվել է քիմիական հարձակում Իդլիբ նահանգի վրա: Նշվել է, որ սա ԱՄՆ պատասխանն է սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանը:

ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք ուղղվել են «Շայրաթ» ռազմաբազայի վրա:

«Բռնապետ Բաշար Ասադը սարսափելի քիմիական հարձակում է իրականացրել անմեղ մարդկանց դեմ: Նա կտրեց անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների կյանքի թելը: Դա դանդաղ ու դաժան մահ էր նրանցից շատերի համար: Այս գիշեր ես կարգադրել եմ ռազմական հարձակում իրականացնել սիրիական այն ավիաբազայի վրա, որից իրականացվել էր քիմիական հարձակումը: Սա բխում է ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից ու նպատակ է հետապնդում կանխել ապագայում քիմիական զենքի կիրառման դեպքերը»,- մեկնաբանելով Հոմսի վրա օդային հարվածների իրականացումն՝ ամերիկացիներին ուղղված ելույթում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ ՌԴ ԱԳՆ-ն շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի հասցրած հարվածների առնչությամբ:

Մինչդեռ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախապես տեղեկացրել էր ռուսական կողմին սիրիական ավիաբազային հարվածելու մասին:

Նա մանրամասնել է, որ իրենք չեն հարվածել այն հատվածներին, որտեղ, ենթադրաբար, գտնվել են ռուս զինվորականները:

Հոմսի նահանգապետ Թալալ Բարազին հայտարարել է, որ ԱՄՆ հասցրած հարվածի հետևանքով մարդկային մեծ կորուստներ չեն եղել: Նրա խոսքով՝ մեծ է հասցված նյութական վնասի չափը:

Պաշտոնյան մանրամասնել է, որ թիրախում հայտնված ավիաբազան օգտագործվում էր Սիրիայի կառավարական բանակի կողմից ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում:

ԱՄՆ-ը հրթիռակոծել է Հոմս քաղաքի կառավարական ռազմաբազան՝ ի պատասխան Իդլիբում քիմիական հարձակման
8941 | 0
Facebook