Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում է եղել, իսկ այսօր, մի հայ սպայի թեթև ձեռքով, հաշմանդամ է դարձել ու անօգնական վիճակում հայտնվել». զինծառայողի հարազատները բողոքում են

13:15, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
«Ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում է եղել, իսկ այսօր, մի հայ սպայի թեթև ձեռքով, հաշմանդամ է դարձել ու անօգնական վիճակում հայտնվել». զինծառայողի հարազատները բողոքում են

Արցախում` 2016-ի հունիսի 24-ին ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանի հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել հրամանատար Ավագ Նահապետյանին: Զինծառայողի մայրը` տիկին Արմինեն, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ 2015-ի հուլիսի 20-ից իր որդին ծառայել է Հադրութի զորամասում: Ըստ մոր հայտնած տեղեկությունների՝ տղան 2016-ի հունիսի 24-ին գտնվել է մարտական հերթապահության մեջ (մարտական հերթապահությունը պետք է ավարտվեր հուլիսի 1-ին) և ժամը 19:00-ի սահմաններում հանձնել է դիրքը: Մարտական հերթապահությունն ավարտելուց հետո դիրքի ավագ, հրամանատար Ավագ Նահապետյանը, ըստ զինծառայողի հարազատների հայտնած տեղեկության, զենքի հետ անզգույշ վարվելու կամ դիտավորյալ կրակոցի արձակման հետևանքով վիրավորել է Ալբերտ Դալլաքյանին: Վերջինը 2016-ի հունիսի 27-ին վիրահատվել է Ստեփանակերտի հոսպիտալում, որից հետո տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ, ներկա պահին գտնվում է Կարմիր խաչում: «Առողջ տղայիս բանակ եմ ուղարկել, հիմա հաշմանդամ է դարձել: Պատճառն այն է, որ սպան կրակել է, չեմ հասկանում՝ ինչ սպա է, որ զինվորի ուղղությամբ պահում և կրակում է: Մինչև օրս այդ սպան չի եկել, չի հետաքրքրվել՝ տղաս ինչ վիճակում է: Միայն սպայի մայրն է եկել Կարմիր խաչ ու մեզ համոզում էր, որ չբողոքենք, ասում էր, որ իր տղան անզգուշաբար է կրակել: Ինչպե՞ս կարող է սպան զենքը վերցնել ու շատ պատահական կրակել: Արդեն երեք ամիս է անցել, գործում որևէ տեղաշարժ չկա»,- ասաց տիկին Արմինեն:
     Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ Ալբերտ Դալլաքյանի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը: Քր. գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Նախաքննությունը դեռ շարունակվում է:
     Տիկին Արմինեն տեղեկացրեց, որ տղայի առողջական վիճակը վատ է. «Բռնցքամարտիկ է եղել, իսկ հիմա ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում, տեսողական խնդիրներ են առաջացել, պետք է վիրահատել»: Պաշտպանության նախարարություն են դիմել օգնություն ստանալու նպատակով, սակայն մերժել են. «Ապրիլյան օրերին առաջնագծում է եղել, դիրք է բարձրացել, իսկ այսօր, մի հայ սպայի թեթև ձեռքով հաշմանդամ է դարձել ու անօգնական վիճակում հայտնվել հիվանդանոցում: ՊՆ-ից առանց որևէ պարզաբանման մեզ մերժում են` ասելով` գումար չունեն»: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեցինք պարզել` ի՞նչ քայլեր են ձեռնարկել գործը բացահայտելու, Հովհաննիսյանն ասաց. «Ոչ մի քայլ, երբ գործով զբաղվում են քննչական մարմինները, ՊՆ-ի որևէ կերպ ներգործությունը հակաօրինական է»: Այն հարցին` իսկ որևէ մեկն այցելել է, կամ օգնության ձեռք մեկնել, խոսնակը նշեց, որ չի կարող ասել, միգուցե համապատասխան օղակի մարդիկ այցելել են: Տեղեկացնենք, որ Դալլաքյանների ընտանիքն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, Ալբերտը բանակում ծառայելու համար է վերադարձել հայրենիք, այժմ նրանք Երևանում վարձով բնակարանում են ապրում:
    
    

9062 | 3
Facebook