Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավիաընկերությունները չեն շտապում դեպի Մոսկվա թռիչքներ իրականացնելու շուրջ բանակցություններ սկսել

19:10, հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.
Ավիաընկերությունները չեն շտապում դեպի Մոսկվա թռիչքներ իրականացնելու շուրջ բանակցություններ սկսել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 21-ի հրամանագրով ավիաընկերություններին արգելվեց հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան փոխադրումներ իրականացնել: Դրանից հետո Հայաստանում կարծիքներ սկսեցին հնչել, թե դա կարող է լրացուցիչ խթանել ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան:

Նշվում էր, որ թե՛ ավիաընկերությունները, թե՛ կառավարությունը բանակցություններ են վարում այդ ուղղությամբ: Փորձեցինք պարզել, թե բանակցային գործընթացն ո՞ւր է հասել, և քանի՞ ավիաընկերություն է պատրաստ դեպի Մոսկվա թռիչքներ իրականացնել:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանն ասաց, որ առայժմ միայն մեկ՝ «Արմենիա» ավիաընկերություն է բանակցել ու կոնկրետ արդյունքի հասել:

Վերջինիս փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հաստատեց այդ փաստը՝ նշելով, որ երկուշաբթի ռուսական կողմին են դիմել, երեքշաբթի ստացել թույլտվությունը: Հուլիսի 8-ից օրական կիրականացվի 2 չվերթ, որոնք համադրվելու են ավիաընկերության գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ:

Ինչ վերաբերում է նման թռիչքներ իրականացնելու ունակ այլ ընկերություններին, ապա ըստ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի թռիչքային գործունեության վարչության Boeing-737 օդանավերը, սակայն թռիչքներ են իրականացնում աֆրիկյան մայրցամաքում, «Արմենիա Էյրվեյս»-ը, որը դեռ նոր է սկսել թռիչքներ կատարել Երևան-Թեհրան ուղղությամբ, դեպի Մոսկվա թռիչքներ իրականացնելու մտադրություն չունի:

«Այլ բան, եթե նրանք թռիչքներ կատարեն Երևան-Թբիլիսի-Երևան-Բաթումի և հակառակ ուղղությամբ»: «Ատլանտիս Էյրվեյզ» ավիաընկերությունը, որի ինքնաթիռները A-230 են և որոնք բազավորվում են արտերկրում, իմ ունեցած տեղեկություններով՝ դեռ չեն բանակցում»:

Թե ինչու ասպարեզում առայժմ մեկ ավիաընկերություն է, արդյո՞ք այս պարագայում ռուսական կողմի ճնշումը դեր չի խաղում, Գրիգոր Հայրապետյանն ասաց. «Թե ինչու միայն մեկը մնաց, դժվարանում եմ պատասխանել, նաև չեմ կարծում, որ նրանք մեզ վրա ճնշում կգործադրեն, մենք բարեկամ երկրներ ենք, բոլոր գործառույթներն ընթանում են օրինական դաշտում»:

ՀՀ վարչապետի՝ քաղավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ MAMUL.am-ի հարցին, թե կառավարության կողմից բանակցություններն ի՞նչ հանգրվանի են հասել, առաջիկայում դեպի Մոսկվա թռիչքներ իրականացնող ընկերությունների ի թիվը կավելանա՞, կարճ պատասխանեց. «Առայժմ ավիափոխադրում իրականացնող 1 ընկերություն ունենք: Մենք բաց երկնքի քաղաքականություն ենք վարում, ապահովում ենք թռիչքներ իրականացնելու հնարավորությունը»:

4107 | 0
Facebook