Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Reuters-ին

15:30, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Reuters-ին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նոր իշխանության դեմ հզոր ընդդիմություն է ձևավորվում և ինքը նույնպես ուզում է լինել նրանց շարքերում:

Գործակալությունը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է անցյալ տարի՝ 2008թ. վիճահարույց ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Նվազագույնը 10 մարդ է մահացել ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով:

«64-ամյա նախկին նախագահը ձերբակալվել է 2018-ի հուլիսին՝ նրա համակիր Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, որը տեղի էր ունեցել խաղաղ բողոքի ակցիաների հետևանքով: Իշխանությունն անցել էր ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով անցյալ տարվա մայիսից զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը:

Քննադատները մեղադրում էին Քոչարյանին և իր նախկին համակիրներին ժողովրդավարությունն անտեսելու, պաշտոնավարման ընթացքում կոռուպցիային զարկ տալու, կազմակերպչական սխալների համար»,- հավելում է լրատվամիջոցը:

Reuters-ին տված հարցազրույցում Քոչարյանն ասել է, որ իրեն ուղղված մեղադրանքները քաղաքականացված են, միևնույն ժամանակ մեղադրել է Փաշինյանի կառավարությանը՝ օրենքն ընտրողաբար կիրառելու ու իրեն բանտարկելու պահելու համար: «Այս գործընթացը, անշուշտ, կհանգեցնի հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որը կարող է լուրջ մարտահրավեր նետել նոր իշխանություններին», - գրավոր պատասխանել է Քոչարյանը Reuters-ի հարցերին:

Հայաստանում իշխանության փոփոխությանը Քոչարյանը տվել է «հասարակության կուտակված դժգոհություն և փոփոխության ցանկություն» որակավորումը: Ըստ նրա՝ դա հեղափոխություն համարելը սխալ է:

«Ես դա չեմ համարում հեղափոխություն, քանի որ երկրում ոչինչ չի փոխվել, բացի հասարակության ագրեսիայի աճից և ղեկավարության մեջ դրսևորվող պոպուլիզմից ու դիլետանտությունից»,- գրել է Քոչարյանը:

7006 | 0
Facebook