Ռուս երգչուհի Ալսուն նույնպես կմասնակցի այս տարի Իսրայելում կայանալիք «Եվրոտեսիլ» միջազգային մրցույթին և կհայտարարի ռուսական ժյուրիի գնահատականները: Այս մասին РБК-ին հայտնել է երգչուհու մենեջեր Սերգեյ Ֆադեևը:
«Այո, նա կհայտնի Ռուսաստանի միավորները»,- ասել է Ֆադեևը:
Ալսուն արդեն մի քանի անգամ մասնակցել է «Եվրոտեսիլին»: 2000թ. նա Solo երգով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 2009-ին Մոսկվայում Իվան Ուրգանտի հետ վարել է եվրոպական երգի մրցույթն ու հաղորդել քվեարկության արդյունքները:
Այս տարի «Եվրոտեսիլում» Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը: Հիշեցնենք, որ 2016-ին նույնպես Լազարևը մասնակցել է մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ տեղը:
«Եվրոտեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը Սրբուկն է, ով կկատարի Walking out երգը:
Նշենք, որ «Եվրոտեսիլը» կանցկացվի Թել-Ավիվում՝ մայիսի 14-18-ը: