Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ Երևանում հնչած կրակոցների դեպքի վերաբերյալ

11:35, երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ.
Մանրամասներ՝ Երևանում հնչած կրակոցների դեպքի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Ապրիլի 15-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ –ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Նույն օրը «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 թվականին ծնված երիտասարդ:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները մարմնական վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում, որտեղ դեռևս ինքնությունը չպարզված անձը կրակ է բացել նրանց ուղղությամբ:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են երեք երիտասարդները՝ իրենց ուղղությամբ կրակ արձակելու պահին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, 1 գնդակ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

5032 | 0
Facebook