Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչ-որ պահից սկսվեցին հալածանքներն ու ահաբեկումները». Կարեն Անդրեասյան

11:20, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
«Ինչ-որ պահից սկսվեցին հալածանքներն ու ահաբեկումները». Կարեն Անդրեասյան

«Առաջին ալիք»-ի եթերում Պետրոս Ղազարյանի հյուրն էր նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը հայտարարեց, որ ինքը հրաժարական է տվել սպառնալիքի և ճնշման ներքո։ Թե ի՞նչ ճնշումների և սպառնալիքների մասին է խոսքը, Կ․ Անդրեասյանն ասաց․ «Ես դեռ չեմ որոշել և պատրաստ չեմ հրապարակել այն բոլոր մանրամասները, որոնց ականատես եմ եղել իմ հինգ տարվա պաշտոնավարման ընթացքում։ Ճնշում արտահայտությունը ես շատ մեղմ կորակեի, կասեի, որ քաղաքական ճնշումների և հալածանքների շարքն ավարտվել է անձնական և ընտանեկան ահաբեկումներով»։

Դիտարկմանը, թե՝ եթե Մարդու իրավունքների պաշտպանին անձնապես ահաբեկում են, դա ոչ թե ձեր ընտանեկան, այլև՝ պետական ինստիտուտների և երկրի կայացման խնդիրն է, նշեց. «Մեխանիզմներն ու մեթոդները շատ տարբեր էին ժամանակին, և դա քրեորեն պատժելի արարք էր։ Մենք ունենք հոդված, որտեղ նշված է՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը խոչընդոտելն արդեն հանցագործություն է, բայց ինչ-որ պահից սկսած՝ բոլոր երևույթների թեժացումը վերածվեց, այսպես ասած, իրական հալածանքների, ահաբեկումների, և եթե ես բացահայտեմ մեթոդոլոգիան և անունները, դրանք քրեական գործերի անվերջ շարան են լինելու․․․Ես չեմ ուզում սա դառնա «մատի փաթաթան» կամ քննարկման առարկա երկու կոնկրետ պատճառով․

1․ Ի վերջո, իմ անձնական խնդիրները մի կողմ դրած, սա պետությանը հարվածող թեմա է։ Եթե ես ուզենայի ժամանակին ինքնազոհաբերվել իմ ընտանիքի հետ միասին, իմաստ կունենար այդ բացահայտումը։ Հիմա արդեն անիմաստ է, որովհետև ժամանակին ես ընտրել եմ լուռ հեռանալը, մինչդեռ այդ ժամանակ էր պետք լինել հերոս, մինչև վերջ ինքնահրկիզվել և բացահայտել այդ սարսափելի երևույթները։ Հիմա դրա կարիքը չկա։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հեղափոխությունն այդ հարցը լուծեց։

2․ Այսօր արդեն հանրային շահը չի պահանջում պաշտպանել օմբուդսմենի ինստիտուտը։ Նրանք, ովքեր ուզում էին պաշտպանել այդ ինստիտուտը, դրանով պետք է զբաղվեին 2016-ին, այն այսօր անցած թեմա է»,- ասաց Կ․ Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը ՄԻՊ-ի պաշտոնն զբաղեցրել է 2011-2016 թվականներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

9578 | 1
Facebook