Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարոն Մարուքյանն իրեն բնորոշ ոճով կեղծում է». ԿԳ նախարար

14:55, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
«Պարոն Մարուքյանն իրեն բնորոշ ոճով կեղծում է». ԿԳ նախարար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօրվա իր ելույթում անդրադարձավ նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի` մի քանի օր առաջ տված հարցազրույցին և ասաց. «Կրթության նախարարը հարցազրույց է տվել ու ասել, որ մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում: Այսինքն ի՞նչ եք ուզում ասել: Պարոն նախարար, ձեր մտերիմին Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել, որն օպտիմալացում է սկսել այդ համալսարանում և իրեն 855 հազար աշխատավարձ է սահմանել` նախկին 554 հազարի փոխարեն: Իրա գործավարին 190 հազար է սահմանել, նոր բաժին է ստեղծել, որը մի աշխատող ունի, բայց պետ ունի, և նոր լրատվության բաժիններ է ստեղծել, որպեսզի լրատվության հետ Ագրարային համալսարանը շփվի, մինչդեռ Գիտությունների դոկտոր-պրոֆեսորը 172 հազար 500 դրամ է շարունակում ստանալ: Մարդն օպտիմալացում է արել, մարդիկ է կրճատել, հետո ինքն իրեն տենց լավ գնահատել է: Սա ի՞նչ է, եթե կոռուպցիա չէ... Կոռուպցիան գիտեք` միայն կաշառք տալ-վերցնել է, դա հովանավորչությունն է. դուք հովանավորում եք մի մարդու, որը եկել ու թղթերով թալանում է: Սերժն ասում էր՝ թղթերով ամեն ինչ ճիշտ ա»:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է պատգամավորին. «Քիչ առաջ դեժավյու էր մոտս՝ Ազգային ժողովում մի ելույթ լսելիս: Անմիջապես սա հիշեցի, ու կրկին տարակուսեցի՝ ճի՞շտ էինք, որ ժամանակին մեծահոգաբար խիստ գնահատականներ չենք տվել այդ պահվածքին ու զորակցում էինք նրանց ու նրանց թիմակիցներին՝ տապալվածներին։ Բայց ճիշտ էինք` մեծահոգությունը մեր առաքինություններից է:

Հ․Գ․ Ագրարայինի մասին։ Պարոն Մարուքյանն` իրեն բնորոշ ոճով կեղծում է, որովհետև Ուռուտյանի հետ ծանոթացել եմ խորհրդի կողմից ռեկտոր ընտրվելուց օրեր առաջ, այսքան ժամանակ առավելագույնը մոտ մեկ ժամ, ժամ ու կես զրուցած լինեմ հետը։ Իսկ Ուռուտյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է, ու Ագրարայինն այսօր նրա ընտրությամբ ստացել է ամենաառաջադեմ և զարգացող բուհերից մեկի համբավ։ Ու ռեֆորմատոր ռեկտորին կոռուպցիոներ անվանելը խոսում է նրա մասին, որ Ձեզ փոփոխություններ պետք չեն, Ձեզ իմիտացիա է պետք, որ լողաք։ Դուխով, պարոն Մարուքյան, չնայած այս բառից այսահարվում էիք հեղափոխության ժամանակ, ու վերջին օրերին միայն սկսեցիք վանկարկել՝ վախենալով վերջնականապես դուրս մղվել քաղաքական դաշտից։ Այստեղ եմ գրում, որովհետև կանոնակարգով ԱԺ-ում ելույթի հնարավորություն նախարարներին տրված չէ»։

4681 | 2
Facebook