Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ փոփոխություններ է կրել կառավարության կառուցվածքը

18:05, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
Ի՞նչ փոփոխություններ է կրել կառավարության կառուցվածքը

Կառավարությունն e-draft կայքում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը:

Արդեն հայտնել էինք, որ նախարարությունների թիվը 12 է:

«Սույն օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը, մասնավորապես՝ նախատեսվում է.

*Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության և գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության և մշակույթի նախարարության:
     *Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Էկոնոմիկայի նախարարություն,
     *Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները:

Օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն, որոնք իրենց կազմում կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար: Այդ գործառույթները կիրականացվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
     * Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ կրճատելով նախարարության բոլոր լիազորությունները և գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին, միաժամանակ ավելացնելով թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, քանի որ օրենքի ընունումից հետո Կառավարության որոշմամբ ռազմարդյունաբերական կոմիտեի ենակայությունը կհանձնվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:
     * Սփյուռքի նախարարությունը միավորել Վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, որը համակարգելու է սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:
     Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև վերացնել առաջին փոխվարչապետի ինստիտուտը՝ կրճատելով այդ պաշտոնը»,- նշված է հիմնավորման տեքստում:

3800 | 0
Facebook