Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հին պայմանագիր նոր վարչապետի համար». ռուսական մամուլը՝ Հայաստանին Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման մասին

13:25, ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ.
«Հին պայմանագիր նոր վարչապետի համար». ռուսական մամուլը՝ Հայաստանին Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման մասին

Ռուսական «Коммерсант» պարբերականն անդրադարձել է Հայաստանին ՍՈւ-30ՍՄ կործանիչների վաճառքին: «Հին պայմանագիր նոր վարչապետի համար» հոդվածում ասվում է, որ «Հայաստանում իշխանափոխությունից առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչև 2024թ. հետաձգել էր ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչների գնման հարցը, իսկ պայմանագիրը կնքվել էր 2012-ին, սակայն ուժի մեջ չէր մտել պատվիրատուի ֆինանսական խնդիրների պատճառով»:

Պարբերականի տեղեկություններով՝ Ռուսաստանը սկսել է քննարկել պայմանագրի իրականացումն արդեն ՀՀ նոր իշխանությունների հետ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այն ու կործանիչն «աշխարհում լավագույններից մեկն» անվանել: Ըստ պարբերականի՝ վերոնշյալ կործանիչների ձեռքբերման շուրջ խոսակցություններ էին պտտվում այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար հրապարակեց, որում գտնվում էր կործանիչի օդաչուի խցիկում:

Սակայն ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի տեղեկություններով՝ այդ հարցով բանակցությունները բավականին «առաջատար փուլում են գտնվում», և հանգամանքների հաջող և հարթ ընթացքի դեպքում կործանիչները կմատակարարվեն մոտակա 1-2 տարվա ընթացքում:

Ավիացիոն արդյունաբերության ոլորտի թոփ մենեջերները պարբերականին հայտնել են, որ հայ զինվորականները ՍՈւ-30ՍՄ-ի ձեռքբերման հարցում հետաքրքրություն են հայտնել դեռևս 2010-ին: Բացի այդ, 2012-ին Մոսկվան և Երևանը պայմանագիր են ստորագրել, որի կետերի համաձայն՝ Հայաստանը պետք է մի քանի տարվա ընթացքում առնվազն 12 կործանիչ ստանա: Սակայն դրանից հետո կողմերը պարբերաբար և առանց արդյունքների քննարկել են պայմանագրի իրականացման հեռանկարները: Ընդ որում, պարբերականի խոսքով, Մոսկվայում փորձել են լուծել Երևանի ֆինանսական խնդիրը՝ թույլ տալով ինքնաթիռներ ձեռք բերել ներռուսական և ոչ թե արտահանման գներով:

Հայաստանը, ինչպես նշում է պարբերականը, պետք է գներ նաև այլ սպառազինություն: Օրինակ՝ Երևանը դարձավ նորագույն «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի գնորդը, ինչպես նաև 300 միլիոն դոլարի չափով զենք գնեց ռուսական վարկերի հաշվին:

ՍՈւ-30ՍՄ-ի թեմայի քննարկմանը վերջին անգամ, պարբերականի տեղեկություններով, վերադարձել են Հայաստանում հեղափոխությունից մի քանի ամիս առաջ, և հենց այդ հանդիպման ժամանակ ՀՀ ՊՆ-ը հայտնել է գնման հետաձգման մասին:

«Коммерсант»-ը հիշեցնում է, որ մայիսի 23-ին Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով հայտարարեց, որ ՌԴ նախագահի հետ բանակցություններում կողմերը պայմանավորվել են «առավել արդյունավետ» դարձնել համագործակցությունը, իսկ պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական գերատեսչությունում վերջին տարիներին զբաղվում էր զենքի հարցերով՝ «լավ շփումներ պահպանելով ռուսական պաշտպանական-արդյունաբերական համալիրի հետ»:

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոյի խոսքով՝ «ժամանակակից մարտական ավիացիոն համալիրների մատակարարումը կարող է Ադրբեջանին սադրել, որը կարող է արևմտյան կործանիչներ գնել, իսկ նման դեպքեր արդեն եղել են. ի պատասխան «Իսկանդեր»-ների գնման՝ Բաքուն ձեռք բերեց բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համազարկի կայանքներ:

Պարբերականը եզրափակում է, որ Մոսկվան հույս ունի որքան հնարավոր է շուտ սկսել պայմանագրի իրականացումը:

7189 | 1
Facebook