Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ հանձնակատարը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման և լրացուցիչ ֆինանսական օժանդակության մասին

15:50, երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ.
ԵՄ հանձնակատարը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման և լրացուցիչ ֆինանսական օժանդակության մասին

Հետաքրքիր և կարևոր քննարկումներ ունեցանք Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին այսօր համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցին: Պատասխանելով վիզաների ազատականացման մասին հարցին՝ ԵՄ հանձնակատարն ասել է.

«Կոնկրետ ամսաթիվ դեռևս չկա, քանի որ մենք պարտավոր ենք այս հարցը քննարկել մեր անդամ պետությունների հետ: Ենթադրում եմ, որ նախքան Եվրոպական խորհրդարանի ընտրություններն այս առումով նախաձեռնություններ չեն լինի, բայց Եվրոպական հանձնաժողովն այս հարցում շատ դրական է տրամադրված»:

Հանձնակատարն անդրադարձել է նաև Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությանը.

«Հատուկ բյուջետային տող ունենք, որը նվիրված է հատուկ ձեռքբերումներին՝ իրավունքի գերիշխանության և ժողովրդավարության բնագավառներում: Եվ անշուշտ դա լրացուցիչ ֆինանսական օժանդակության աղբյուր կլինի Հայաստանի համար: Մենք արդեն իսկ անցյալ տարի դա արեցինք, սակայն ավելին կանենք 2019-ին: Հունվար ամիսն է, սակայն արդեն իսկ այսօր հանդգնում եմ հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք անցյալ տարվա զարգացման համար: Բայց շատ ավելի կարևոր բան է երկրում առկա դրական տրամադրությունը, որն արտասահմանում էլ է ազդում, ներդրումային միջավայրում էլ է զգացվում: Մարդիկ այսօր, ավելի քան երբևէ, հետաքրքրված են, որպեսզի գան Հայաստան և օգտագործեն առկա հնարավորությունները: Ընդհանուր մթնոլորտն ու միջավայրը շատ լավն են, և դա պետք է օգտագործել»:

4365 | 0
Facebook