Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսում իրանական օբյեկտների ուղղությամբ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:
Հզոր պայթյուններ են լսվել գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 1:10-ից մինչև 2:00-ը:
«Թշնամին զանգվածային հարված է հասցրել օդից և ցամաքից: Մեր հակաօդային ուժերն արդեն սկսել են հակահարված հասցնել թշնամական հրթիռներին»,- հայտնել է աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրթիռների զգալի մասը ոչնչացվել է, նախքան դրանք կհասնեին իրենց թիրախին:
Ikhbariya պետական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հարձակման ժամանակ տարբեր զինատեսակներ են կիրառվել, դրանք արձակվել են Լիբանանի օդային տարածքից, ինչպես նաև Իսրայելի հյուսիսային Գալիլեյ շրջանից և Տիվերիադ լճի տարածքից:
Իսրայելցի զինվորականներն ավելի վաղ հայտարարել էին, որ հարձակում կգործեն Սիրիայի տարածքում իրանական «Ալ Քուդս» ստորաբաժանման վրա, իսրայելցիները նախազգուշացրել էին նաև Սիրիայի կառավարական ուժերին զերծ մնալ իրենց միջամտելու փորձերից: