Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ, ամփոփելով 2018թ. Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, հայտարարել է, որ «Հայաստանում 20 տարի շարունակ իշխել է հանցավոր խունտայի ռեժիմը»: Նրա խոսքով՝ միջազգային կառույցները «աչք են փակում» այդ ամենի վրա:
«Հարց է առաջանում՝ ինչպես են միջազգային կառույցները դրական գնահատական տալիս խոշորամասշտաբ կեղծումներով Հայաստանում վերջին տարիներին անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններին»,- ասել է նա:
Ալիևի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին խորհրդանական ընտրությունները ցույց տվեցին, որ «իշխանությունն ապօրինաբար բռնազավթած մի խումբ անձինք չկարողացան հավաքել ձայների նույնիսկ 5%-ը»:
«Դա գիտակցում են բոլորը: Սակայն ինչո՞ւ հանցավոր ռեժիմի գործունեությունը, որը նախորդ տարիներին ձայների ավելի քան 50%-ն էր հավաքում, քննադատության չարժանացավ: Ինչո՞ւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոխորհրդարանը և այլ միջազգային կառույցներ աչք փակեցին այդ խայտառակ պատկերի վրա: Ինչո՞ւ՝ երկակի ստանդարտների պատճառով»,- հավելել է նա՝ պահանջելով հետաքննել «կոնյակային դիվանագիտությունը»: