Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը կոշտ է տրամադրված Պուտին-Լուկաշենկո բանակցություններին». ԶԼՄ-ներ

15:15, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ.
«Ռուսաստանը կոշտ է տրամադրված Պուտին-Լուկաշենկո բանակցություններին». ԶԼՄ-ներ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ծանր օր է սպասվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. Մոսկվա է ժամանում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

«Հիշելով Սանկտ Պետերբուրգի նախորդ հանդիպմանը Լուկաշենկոյի սարքած սկանդալը, Կրեմլը որոշել է հանդիպումն անցկացնել փակ ռեժիմով»,- գրում է «Московский комсомолец»-ը:

Взгляд-ի փոխանցմամբ՝ Մոսկվան բանակցություններին բավականին կոշտ է տրամադրված: «Լուկաշենկոն օրեր առաջ քննադատեց ռուսական նավթային ոլորտում հարկային մանևրը, որի պատճառով, ըստ նրա, Բելառուսը միլիարդավոր դոլարներ է կորցնում, ինչպես նաև կոշտ մեկնաբանեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Միութենական պետության ստեղծման մասին 1999թ. պայմանագրի շրջանակում երկու երկրների ինտեգրման զարգացած ձևաչափի հասնելու պատրաստակամության մասին հայտարարությունը: Լուկաշենկոն հայտարարեց, որ կարողանում է կարդալ տողատակերով և հասկանում է բոլոր ակնարկները»,- գրում է պարբերականը:

«Կարելի է պարզ ասել՝ վերցրեք նավթը, սակայն կործանեք ձեր երկիրն ու մտեք Ռուսաստանի կազմի մեջ»,- պարբերականը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը:

Ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով բելառուսական պետական կառույցների աղբյուրներին, գրում են, որ նավթագազային հարցերով բանակցությունների ժամանակ Մինսկին ասել են՝ «եթե առավելություններ եք ուզում, սուբյեկտի կարգավիճակով մտեք Ռուսաստանի կազմ», սակայն Ռուսաստանի ԱԳՆ-ում վստահեցրել են, որ նման վերջնագիր չի եղել:

Մոսկվայի ներկայիս բանակցային դիրքորոշումը, ռուսական ԶԼՄ-ների խոսքով, բավականին կոշտ է: Մինսկի այն հայտարարությանը, թե Բելառուսը հարկային մանևրի վնասի փոխհատուցում պետք է ստանա Ռուսաստանից, ՌԴ ֆինանսների նախարարն ասել է, որ «ոչ ոք նման խոստում չի տվել»:

«Коммерсант»-ի խոսքով՝ այսօր Պուտինին և Լուկաշենկոյին բարդ հարցերի քննարկում է սպասվում:

Հիշեցնենք, որ Պուտինն ու Լուկաշենկոն գազի գնի շուրջ վիճաբանել էին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացում:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Ռուսաստան կմեկնի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

7953 | 1
Facebook