Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր ահազանգեր՝ Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնում կատարված սխալ ախտորոշումների մասին

12:15, հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ.
Նոր ահազանգեր՝ Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնում կատարված սխալ ախտորոշումների մասին

Օրերս MAMUL.am լրատվականը հրապարակել էր նյութ` «Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոն»-ում կատարված սխալ ախտորոշման մասին: Նյութի հրապարակումից հետո, խմբագրությունը քաղաքացիներից ստացավ նոր տեղեկություններ՝ կենտրոնում կատարված սխալ ախտորոշումների մասին:

Ներկայացնում ենք քաղաքացիներից մեկի փոխանցած տեղեկատվությունը՝ բառացի սղագրմամբ. «Մենք պլանավորում էինք բալիկ ունենալ, նախնական ստուգումների համար դիմեցինք Նյու-Մեդ՝ Ջանեցյան Ռաֆֆիին։ Ուղեցույցով մեզ Հելիոս կենտրոն ուղարկեց, ամենայն հավանականությամբ, ինքն էլ այդ անալիզի գումարից տոկոս ուներ։ Երկու ժամ անց անալիզները վերցրեցինք, կրկին Ռաֆֆիի մոտ գնացինք, ասաց՝ վիրահատությունն անխուսափելի է։ Երկու օր չանցած՝ մենք զինվորական հոսպիտալ դիմեցինք բժիշկի խորհրդով, դիմեցինք Շենգավիթ, պատասխանները շատ լավ էր։ Բժիշկն ասաց՝ անհավանական է մի քանի օրվա մեջ նման ծայրահեղ պատասխաններ ստացվեն։ Համոզվելու համար այս անգամ Դիագեն լաբորատորիայում անալիզ հանձնեց ամուսինս, կրկին լավ պատասխաններ։ Եթե մենք վստահեինք այդ բժիշկ կոչվածին, ինչպես շատերն էին արել, հաստատ կվիրահատեին ամուսնուս»:

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար MAMUL.am-ը կրկին գրավոր դիմեց կենտրոնի տնօրեն Հարություն Նորայրի Միքայելյանին, ով, ինչպես նախկինում, այժմ էլ, խուսափեց հարցմանը պատասխանելուց:

Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ հարցումներում մատնանշված բժիշկների կողմից ևս խմբագրությունը որևէ պարզաբանում չի ստացել:

Հավելենք, որ մեր խմբագրությունը խնդրի պարզաբանման համար դիմել է ՀՀ Առողջապահության նախարարին, ով գրավոր ծանուցել է, որ Առողջապահական տեսչական մարմնին հանձնարարվել է ուսումնասիրություններ սկսել հարցի վերաբերյալ:

Տեղեկացնենք նաև, որ MAMUL.am-ը շարունակում է ստանալ Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնի այլ բժիշկների վերաբերյալ նմանատիպ դժգոհություններ: Դրանց մասով ևս խմբագրությունն ուսումնասիրություններ է իրականացնում և առաջիկայում դրանք ևս կլուսաբանվեն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե դուք օգտվել եք բժշկական այս, կամ այլ կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ:

Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունն ապահովված է:

39112 | 3
Facebook