«ԵԱՏՄ-ի համատեքստում կարևոր է գազային և նավթային միասնական շուկայի ստեղծումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջնահերթություններից է առևտրային խոչընդոտների հաղթահարումը: Այս մասին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի նախաշեմին Вести-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով այն հարցին, թե տնտեսական ի՞նչ օրակարգով է նա գնում դեկտեմբերի 9-ին նախատեսված ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Տնտեսական օրակարգն ամենակարևորն է այս ընթացիկ քաղաքական գործընթացի համար: Եվ մեր առջև շատ կարևոր և հավակնոտ խնդիր է դրված. Հայաստանն ագրարային-հումքային երկրից արտադրական, տեխնոլոգիական երկրի վերածելը: Եվ այդ օրակարգով հանդիպում եմ քաղաքացիների, ընտրողների հետ: Եվ դա համարում ենք աղքատությունը հաղթահարելու ճանապարհը, քանի որ, ցավոք, այժմ աղքատությունն ու գործազրկությունը Հայաստանում բարձր տոկոս են կազմում: Վստահ ենք՝ կլուծենք այդ հարցը միայն աշխատանքի շնորհիվ: Ինչ վերաբերում է միջազգային օրակարգին՝ բազմիցս ասել եմ, որ Հայաստանի ներքին քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ չեն լինի: Եվ, իհարկե, հետաքրքրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային համագործակցությամբ ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ ՀԱՊԿ-ում: Կարևոր են նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի, մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի հետ համագործակցությունը, ինչպես նաև Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունները»: «ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար այժմ ակնհայտ է, որ գլխավոր խնդիրն այն խոչընդոտների հաղթահարումն է, որոնք առկա են համատեղ առևտրի, ինտեգրման ոլորտներում: Նախորդ նիստերից մեկի ժամանակ հայտարարվեց, որ ԵԱՏՄ-ում մոտ 100 խոչընդոտ կա՝ օրենսդրական, գործնական և այլն: Եվ այժմ կարևոր է վերացնել այդ խոչընդոտները: Մեր կառավարության համար գլխավոր առաջնահերթությունը լիարժեք հասանելիությունն ապահովելն է, որը նախատեսված է ԵԱՏՄ պայմանագրով»,- ասել է Ն. Փաշինյանը՝ խոսելով ԵԱՏՄ-ում առաջնահերթությունների մասին: Բացի այդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ Հայաստանը փորձում է առավել արդյունավետ դարձնել իր գործունեությունը ՀԱՊԿ-ում: «Մեզ համար կարևոր է հստակեցնել, թե ինչ պարտավորություններ ունեն միմյանց նկատմամբ ՀԱՊԿ անդամ երկրները»,- ընդգծել է Ն. Փաշինյանը: Խոսելով ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցի մասին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասել է. «Գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևորը չէ, նույնիսկ կասեմ՝ ոչ կարևոր: Առավել կարևոր է կազմակերպության էությունը: Եվ մեր նպատակը կազմակերպության հեղինակության բարձրացումն է ոչ միայն քաղաքական, այլ նաև ռազմական-ռազմավարական առումով»: Վերադառնալով ԵԱՏՄ թեմային, Ն. Փաշինյանն անդրադարձել է կազմակերպության փաստաթղթերում Հայաստանի կողմից կատարված փոփոխություններին. «Իհարկե, մշտապես պետք է փոփոխություններ կատարվեն, ինչ-որ բան պետք է փոփոխվի, զարգանա: ԵԱՏՄ-ի համատեքստում կարևոր է գազային և նավթային միասնական շուկայի ստեղծումը, որը նախատեսված է պայմանագրով: Հայաստանի համար դա կարևոր է, քանի որ մեր տնտեսությունը կախում ունի ռուսական գազի մատակարարումներից»: Մանրամասները՝ տեսանյութում:
«ԵԱՏՄ-ի համատեքստում կարևոր է գազային և նավթային միասնական շուկայի ստեղծումը». Նիկոլ Փաշինյան
|