Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պատրաստվում է հայտարարել բենզինի հարկերի բարձրացման սառեցման մասին` «դեղին բաճկոնավորների» զանգվածային ցույցերի ֆոնին, France-Presse-ին հղումով հայտնում է РИА Новости-ն:
Զանգվածային ցույցերն սկսվել էին նոյեմբերի 17-ից: Այսպես կոչված «դեղին բաճկոնավորները» բողոքում են բենզինի գների բարձրացման դեմ: Շաբաթ օրը Փարիզում զանգվածային անկարգությունների հետևանքով բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ցուցարարները մեքենաներ էին այրել, ձերբակալվել էր 412 մարդ, 133-ը վնասվածք էր ստացել:
Ակնկալվում է, որ Էդուար Ֆիլիպը կհայտարարի երկրի իշխանությունների որոշման մասին այսօր:
France-Presse-ի փոխանցմամբ՝ սառեցումը կգործի մի քանի ամիս և կուղեկցվի կիրառման այլ միջոցներով: Ընդ որում, ֆրանսիական մեկ այլ աղբյուր տեղեկություն է տարածել, որ ցուցարարները հրաժարվել են հանդիպել Էդուար Ֆիլիպի հետ:
Ավելի վաղ զանգվածային անկարգություններին միացել էին դպրոցականները՝ հարյուրավոր դպրոցներ արգելափակելով: