Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատեց երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկի փոփոխված տարբերակը: Ըստ նոր տարբերակի՝ արտակարգ ռեժիմը կտևի 30 օր՝ նախատեսված 60-ի փոխարեն:
Ռազմական դրություն է հաստատվել Ռուսաստանի հետ սահմանակից առանձին շրջաններում՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ:
Ուկրաինայի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները պայմանավորվել են, որ նման որոշումը չի չեղարկի նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն 2019թ. մարտի 31-ին:
Գերագույն ռադայում քվեարկությունից առաջ երկրի նախագահը դիմել է ուկրաինացիներին.
«Իմ ձեռքում հետախուզության փաստաթուղթն է, և այս մի քանի էջում հակառակորդի ուժերի մանրամասն նկարագիրն է, ով գտնվում է մեր սահմաններից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա և պատրաստ է ցանկացած պահի ներխուժել Ուկրաինայի տարածք»:
Նշենք, որ 2019թ. մարտի 31-ին նախատեսված ընտրություններում Պորոշենկոյի հիմնական մրցակիցն ընդդիմադիր պատգամավոր, երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է: Ուկրաինական լրատվամիջոցների խոսքով՝ ուկրաինացիները հասկանում են, որ ռազմական դրությունն ուղղակիորեն կապված է ընտրական գործընթացների հետ, սակայն դեռ հստակ չէ, թե ինչպիսին կլինի պաշտոնավարման առաջին ժամկետն ավարտող ու ցածր վարկանիշ ունեցող Պորոշենկոյի մասին ընտրողների կարծիքը: