Սպիտակ տունը Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված զինծառայողներին թույլ է տվել ուժ կիրառել ներգաղթյալների դեմ: Փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին, փոխանցում է Military Times-ը:
Այն զգալիորեն ընդլայնում է զինծառայողների իրավասությունները, մասնավորապես, թույլ տալով նրանց «ցուցադրել կամ ուժ կիրառել (անհրաժեշտության դեպքում մահացու միջոցներ), կանխել զանգվածային անկարգությունները, ձերբակալել» ներգաղթյալներին՝ մաքսային ծառայության ներկայացուցիչների պաշտպանության նպատակով:
Փաստաթղթում նշվում է, որ ներգաղթյալների գործողությունները կարող են բռնության և անկարգությունների դեպքերի պատճառ դառնալ:
Military Times-ի խոսքով՝ թույլտվությունը խախտում է 1878թ. ընդունված օրենքը, որով զինծառայողներին արգելվում է ԱՄՆ-ում իրավապահ մարմինների գործառույթների իրականացումը:
Սակայն, ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության, փաստաթղթի տեքստը «մանրամասն մշակվել է՝ ամերիկացի օրենսդիրների հետ հակասություններից խուսափելու նպատակով»: Իսկ մինչ այդ Պենտագոնում հայտնել էին, որ սահմանին տեղակայված զորքերը կաջակցեն մաքսային ծառայության աշխատակիցներին: