Ամերիկացի սենատորները դեմ են Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում ռուսաստանցի գեներալ Ալեքսանդր Պրոկոպչուկի թեկնածությանը: Այս հայտարարել է սենատոր Ռոջեր Վիքերը, ով այլ սենատորների հետ դիմում է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, փոխանցում է Tvrain-ը:
Թրամփին ուղղված դիմումը ստորագրել են նաև սենատորներ Ջին Շահինը, Քրիս Քունսն ու Մարկո Ռուբիոն:
«Գեներալ-մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկին Ինտերպոլի ղեկավար ընտրելը նման կլինի աղվեսին հավանոցի պատասխանատու նշանակելուն»,- ասվում է դիմումի մեջ:
Սենատորները նշում են նաև, որ «Ռուսաստանը մշտապես չարաշահում է Ինտերպոլի կանոններն ու դրանք օգտագործում քաղաքական ընդդիմախոսների հետ հաշիվները մաքրելու համար»:
Ինտերպոլի ղեկավարի ընտրությունները կկայանան նոյեմբերի 21-ին: Այժմ Պրոկոպչուկը զբաղեցնում է կազմակերպության փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարում ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի բյուրոն:
Հոկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյն անհետացել է: