Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արա Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի ընդունվել է վարույթ

20:55, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Արա Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի ընդունվել է վարույթ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել:

Այս մասին Armtimes.com-ին հայտնում է Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հայցը դատարանը հետ էր վերադարձրել՝ հայցադիմումում առկա թերությունների պատճառով: Մինասյանի փաստաբանները բողոքարկել են որոշման դեմ, ինչպես նաև՝ կրկին հայցադիմումը ներկայացրել, որը դատարանն արդեն վարույթ է ընդունել: Ըստ հայցի՝ Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքը:

Մինասյանն աշխատանքից ազատվել է հուլիսին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ Մինասյանն աշխատանքից հեռացվել է՝ հաշվի առնելով նախարարության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը: Ըստ այդմ՝ նշված բուժհաստատությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ պետական բյուջեին հասցվել է շուրջ 545 միլիոն դրամի վնաս:

Այս գործով արդեն իսկ Արա Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Ավելի վաղ Արա Մինասյանը մեկ այլ դատական հայց էլ է ներկայացրել՝ Արսեն Թորոսյանից պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները: Այս հայցադիմումը եւս վարույթ է ընդունվել եւ դատական նիստի օր է նշանակվել նոյեմբերի 19-ը:

7715 | 3
Facebook