Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բողոքի ակցիա. մասնակիցները պահանջում են ընդունել Հասմիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը

15:00, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ.
Բողոքի ակցիա. մասնակիցները պահանջում են ընդունել Հասմիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը

«Հասմիկ Սարգսյանը 4 երեխաների մայր է, որոնց մեջ կան անչափահասներ, երեխաներն ունեն առողջական խնդիրներ, և այդ քայլին նա գնացել է իր երեխաներին կերակրելու համար»,- նշում են բողոքի մասնակիցները:

2017 թվականի հուլիսի 8-ին Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողության համար:

Սոցիալապես ծանր պայմաններում ապրող, առողջական խնդիրներ ունեցող Հասմիկ Սարգսյանը բնակվում է Սիսիանում, նրա երեխաներից երեքն անչափահաս են, և նա աշխատունակ չէ:

«Աղքատության պատճառով են լինում նման բաներ, մարդիկ չեն կարողանում լուծել իրենց սոցիալական խնդիրները, ստիպված գնում են խարդախությունների, օրենքն անողոք է, մենք դատապարտում ենք նմանատիպ վճիռները»,- նշում են բողոքի ակցիա իրականացնողները:

Մասնակիցները դիմել են Արդարադատության նախարարություն համաներման համար, սակայն դեռևս պատասխան չկա: Սպասում են վճռաբեկ բողոքի ընդումանը:

Հիշեցնենք, որ 10000 դրամ գողություն անելու համար 4 երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի համար սկզբում սահմանվել է 6 տարի 6 ամիս ազատազրկում: Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է հետևյալը՝ մեկնաբանություններում գրառում կատարելով. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ բավարարել է մեղադրող դատախազի միջնորդությունը և բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն կատարելու համար Հասմիկ Սարգսյանին 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռը, և վերջնական պատիժ է սահմանվել 5 տարի ազատազրկումը: Հղիության հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՀ քրեական օրնսգրքի 78-րդ հոդվածի կիրառմամբ հետաձգվել է պատժի կրումը, վերջինս հնարավորություն է ստեղծում, հղիության հանգամանքը հաշվի առնելով, իսկ հետագայում դատապարտյալի, հակաիրավական նոր գործողություններից զերծ մնալու դեպքում, քննարկելի դարձնել ընդհանրապես պատժի կրումից նրա ազատվելու հարցը»:

4585 | 2
Facebook