Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս նախագիծը չի լուծում ԱԺ-ն չլուծարելու՝ ձեր առջև դրված խնդիրը». Էդմոն Մարուքյան

11:50, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ.
«Այս նախագիծը չի լուծում ԱԺ-ն չլուծարելու՝ ձեր առջև դրված խնդիրը». Էդմոն Մարուքյան

Խորհրդարանը քննարկում է ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությունների նախագիծը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է՝ եթե ԱԺ-ի աշխատանքը խոչընդոտվում է, ապա նիստն ընդհատվում է մինչև խոչընդոտների վերացումը, այսինքն՝ երբ նիստի քվորումը չի ապահովվում կամ նիստի ընթացքը խոչընդոտվում է այնպիսի պատճառներով, որոնք արտաքին ազդեցությամբ են պայմանավորված. այդ դեպքում նիստը կես ժամ հետո սկսում է՝ վարողի ջանքերով։

Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու հայտարարեց. «Ներկայացված նախագծի բնույթը բացահայտված է, փոփոխություն եք ուզում կատարել, որ եթե պատգամավորները չեն կարողացել գալ կամ ինչ-ինչ պատճառներով նիստը հնարավոր չէ գումարել, ապա նախագահողը հայտարարում է նիստն ընդհատված ու սրանով փորձ է արվում կասեցնել վարչապետի չընտրվելու պրոցեդուրան, որի արդյունքում ԱԺ-ն պետք է արձակվի: Ես պետք է ասեմ, որ այս նախագիծը չի լուծում ձեր առջև դրված խնդիրը: Սահմանադրությունն ասում է՝ 14-օրյա ժամկետում, եթե Աժ-ն չի ընտրում վարչապետ, այն արձակվում է, չի ասում՝ ինչ պայմաններում չի ընտրում, ասում է՝ չի ընտրում: Հետևաբար ԱԺ կանոնակարգ օրենքով չենք կարող բան ավելացնել: Մենք դեմ ենք քվեարկելու»:

Ելույթ ունեցավ նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանը.

«Առաջարկը, որը հնչեցվել էր, վերաբերում էր բացառապես այն իրադրությանը, երբ ԱԺ-ի կողմից երկրորդ անգամ վարչապետի ընտրություններ տեղի կունենան, և ընտրության օրը, փաստորեն, կխոչընդոտվի պատգամավորների քվեարկությունն ինչ-ինչ պատճառներով, և դրանից հետո կգա այն հետևանքը, որ ԱԺ-ն իրավունքի ուժով կցրվի:

Փաստորեն առաջարկը վերաբերում էր նրան, որ կանխվեր այս հնարավորությունը: Այսինքն, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի առաջին իսկ հնարավորության դեպքում արտահերթ ընտրություններ իրականացնել, և դա էլ պայմանավորել այն հանգամանքով, որ վարչապետը հրաժարական տա և պայմանավորվածություն ձեռք բերի, որ ոչ մի քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և հանկարծ դրժվի այս պայմանավորվածությունը, այլևս ժողովուրդը չի կարողանալու պայքարել, որպեսզի իշխանությունը զբաղեցնի ժողովրդի ձայնը արտահայտող ներկայացուցիչը: Քաղաքական դրդապատճառը սա էր»,- հայտարարեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները նախաձեռնել են Արփինե Հովհաննիսյանն ու «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը:

5448 | 1
Facebook