Մոսկվայի Բասմանի դատարանն ազատ է արձակել հայրասպանության համար մեղադրվող Խաչատուրյան 3 քույրերին: Այս մասին հայտնում է «Дождь»-ը: Միջնեկից՝ Անգելա Խաչատուրյանից հետո ազատ է արձակվել անչափահաս Մարիան, ապա 19-ամյա Քրիստինան:
Կալանքը փոխարինվել է որոշակի գործողությունների արգելքով՝ 3 ամիս ժամանակահատվածով: Մինչև դեկտեմբերի 27-ն աղջիկներն իրավունք չունեն օգտվելու համացանցից, տնից դուրս գալու 19:00-ից հետո: Հեռախոսով կամ էլ կապի այլ միջոցներով կարող են խոսել միայն քննիչների հետ, չի կարելի շփվել ԶԼՄ-ների, վկաների, միմյանց ու տուժածների հետ: Նրանք կտեղավորվեն տարբեր բնակարաններում:
Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին կալանավորել են օգոստոսի սկզբին: Նրանք խոստովանական ցուցմունք են տվել, որ դանակի բազմաթիվ հարվածներով սպանել են իրենց հորը, ով բազմիցս նրանց ենթարկել է ֆիզիկական ու սեռական բռնության: