Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փորձում էին մուտք գործել շենք, լարված իրավիճակ էր ստեղծվել:
Արդեն հայտնել էինք, որ առավոտից կառավարության դիմաց են հավաքվել Արծվաշենի բնակիչները: Նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց անմխիթար տների ու բնակարանների համար: Այստեղ են նաև կառուցապատումների պատճառով տուժած երևանցիները, նախկին գյուղապետի անօրինականությունների դեմ բողոքող եղեգնուտցիները, սոցիալական տարբեր խնդիրներով հավաքված բնակիչներ:
Այս պահին Նիկոլ Փաշինյանը զրուցում է հավաքվածների հետ: «Ոտի վրա չեմ կարա հարցերն իրենց մանրամասներով, հետևանքներով հասկանալ, լուծել: Պետք ա պրոցես գնա, իմ օգնականներն զբաղվում են, որևէ պատճառ չկա, որ օրինականությունը չպահպանվի»,- ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ արծվաշենցիների հետ կհանդիպի հոկտեմբերի 2-ին: