Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով». վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

20:15, երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ.
«Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով». վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ հետ համագործակցությունը եվրոպական և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունը:

Զրուցակիցները, երկուստեք արձանագրելով առկա փոխգործակցության բարձր մակարդակը, քննարկել են այն խորացնելու հեռանկարները:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ուղղությամբ բարեփոխումները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է ավելի ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, և կառավարությունը կարևորում է այս գործընթացում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ տեխնիկական և փորձագիտական աջակցությունը:

Թոմաս Գրեմինգերը ողջունել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառավարության բարեփոխումների օրակարգին:

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ և միջազգային հանրության ակտիվ ջանքերը՝ մեր տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ և ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է լուծել ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների միջոցով կարգավորմանը:

3134 | 1
Facebook