Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայկ Մարությանը պարզաբանել է «Մեր թիմի դեմը խաղ չկա» արտահայտությունը

10:15, երկուշաբթի, 03 սեպտեմբերի, 2018 թ.
Հայկ Մարությանը պարզաբանել է «Մեր թիմի դեմը խաղ չկա» արտահայտությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ միջոցառման ժամանակ հնչեցրած արտահայտություններին՝ գրելով.

«Սիրելի ժողովուրդ,

Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։

Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։

Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։

Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։

Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը»։

Տեղեկացնենք, որ երեկ Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին և իր խոսքում արել այսպիսի արտահայտություններ.

«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»,- ասել է Մարությանը և հավելել. «Ընտրություններին մասնակցող մեր թիմը ուժեղ է. նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»։

Նշենք, որ Մարությանի ելույթը բուռն քննարկման թեմա է դարձել համացանցում:

Մանրամասները՝ Asekose am-ի տեսանյութում:

«Մեր թիմի դեմը խաղ չկա». Հայկ Մարության
21852 | 29
Facebook