Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը վերադարձրել է Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ MAMUL.am-ի՝ «հայցադիմումում դատարանի անվանումը սխալ» նշելու հիմքով

11:20, երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ.
Դատարանը վերադարձրել է Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ MAMUL.am-ի՝ «հայցադիմումում դատարանի անվանումը սխալ» նշելու հիմքով

Ս/թ օգոստոսի 17-ին ՀՀ Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերադարձրել է Գագիկ Ծառուկյանի դիմումն ընդդեմ MAMUL.am լրատվական գործակալության:

Հատկանշական է այն հանգամանքը, որ որոշման հիմքերն են օրինակ՝ փաստաթղթերի սխալ կազմումը, ներկայացուցչի փաստաթղթերի բացակայությունը և այն, որ «... հայցադիմումում դատարանի անվանումը ճիշտ նշված չէ»:

Հիշեցնենք, որ ս/թ օգոստոսի 2-ին MAMUL.am-ի խմբագրությունը ծանուցում է ստացել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը դատի է տվել խմբագրությանը:
    
     Դատարանի որոշման տեքստն ամբողջությամբ.

«ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ
     ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
     Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
     ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՙ 17 օգոստոսի 2018թ. ք.Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանս, ծանոթանալով Գագիկ Կոլիայի Ծառուկյանի ընդդեմ «Սոուշըլ Մեդիաե ՍՊ ընկերության՝ զրպարտությունը հերքելու պահանջի մասին հայցադիմումին,


     Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Գագիկ Կոլիայի Ծառուկյանի ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ «Սոուշըլ Մեդիաե ՍՊ ընկերության՝ զրպարտությունը հերքելու պահանջի մասին:
     Հայցադիմումը տրամադրվել է դատավորի աշխատակազմին 16.08.2018թ-ին:

Ուսումնասիրելով դատարան ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը` գտնում եմ, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման` ներքոհիշյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում է դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը:
     ՀՀ դատական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը:
     Տվյալ դեպքում հայցադիմումում դատարանի անվանումը ճիշտ նշված չէ:
     ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
     ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հայցադիմումին կցվում է լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը, եթե հայցվորը հանդես է գալու ներկայացուցչի միջոցով, և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
     Տվյալ դեպքում սույն գործում բացակայում է հայցվորի ներկայացուցչի անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Վերոգրյալի լույսի ներքո Դատարանը փաստում է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցադիմումի ձևին և բովանդակությանը, ինչպես նաև կից փաստաթղթերին ներկայացվող նույն օրենսգրքի 121, 122 հոդվածներով սահմանված պահանջները, որոնք ունեն իմպերատիվ բնույթ և ենթակա են պարտադիր կատարման, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ կետի ուժով հայցադիմումը վերադարձնելու անվերապահ հիմք է:
     Դատարան դիմելու մատչելիության առումով դատարանն արձանագրում է, որ սույն որոշման մեջ վկայակոչված բոլոր թերությունները վերացվելու պարագայում որոշումը ստանալուց պահից` եռօրյա ժամկետում, հայցադիմումը դատարան կրկին ներկայացվելու դեպքում` հայցադիմումը դատարանի կողմից կընդունվի վարույթ և ընդունված կհամարվի սկզբնապես ներկայացվելու օրը:

Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ հոդվածներով, 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, կետով, 127-րդ հոդվածի 2-րդ մասով, 199-րդ հոդվածի 4-րդ մասով, 362-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Գագիկ Կոլիայի Ծառուկյանի ընդդեմ «Սոուշըլ Մեդիաե ՍՊ ընկերության՝ զրպարտությունը հերքելու պահանջի մասին հայցադիմումը վերադարձնել:
     Հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել հայցվորին, իսկ որոշումը՝ հայցադիմումում նշված այլ անձանց:
     Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռoրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված համարել uկզբնապես ներկայացնելու oրը:
     Հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:


     ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ»
    
    

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում MAMUL.am լրատվականն ահազանգեր էր ստացել, որ Ծառուկյանին պատկանող որոշ ընկերություններում և հատկապես գազալցակայաններում աշխատակիցների նկատմամբ տեղի են ունեցել պարտադրանքներ:

Մասնավորապես, համաձայն ներկա և նախկին աշխատակիցների ահազանգերի, իրենց պարտադրել են աշխատավարձի պահման միջոցով գնել ավտոմեքենաներ Ծառուկյանին պատկանող ավտոսրահներից և հանգստյան օրերին կատարել պարտադիր-չվճարվող ծանր աշխատանք` գործարարին պատկանող շինհրապարակներում, այգիներում, գոմերում և այլն: Նշված տեղեկությունների մասով, խմբագրությունը հրավիրել էր նաև պատկան մարմինների ուշադրությունը:

Վերոնշյալ հրապարակումներից հետո Գագիկ Ծառուկյանը երկու անգամ պատասխանել է նշված հրապարակումներին մամուլի խոսնակի միջոցով, որոնցից մեկում հնչեցրել է կասկածահարույց և ագրեսիվ կոչ` ազատ խոսքի և ազատ մամուլի դեմ:

Այդ հայտարարության առնչությամբ MAMUL.am-ը պաշտոնապես դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Դիմումն ընդունվել է վարույթ:

Տեղեկացնում ենք, որ մինչ այս պահը բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում և ներկայացնում են այլ մանրամասներ՝ Ծառուկյանին պատկանող ընկերություններում տեղի ունեցած և ունեցող պարտադրանքների մասին:

Խմբագրությունը ստացել է նաև նոր տեղեկություններ, որոնք առնչվում են նաև սպորտի և մարզիկների բնագավառում դրսևորված որոշ անորոշությունների: Նշված տեղեկությունների մասով խմբագրությունը կատարում է լրագրողական հետաքննություն և առաջիկայում հանդես կգա նոր հրապարակումներով:

Հետգրություն

Եթե Դուք տիրապետում եք նման տեղեկությունների, աշխատել, աշխատում եք վերոնշյալ ընկերություններում, կամ որևէ այլ ընկերությունում, որտեղ ոտնահարվել(ում) են Ձեր իրավունքները, խնդրում ենք գրել մեկնաբանություններում, ուղարկել նամակ, կամ զանգահարել մեր խմբագրություն:

Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովվում է:

7855 | 6
Facebook