Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինգրքույկներում շարունակում են անհետանալ զինծառայողների` քառօրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ նշումները

17:30, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
Զինգրքույկներում շարունակում են անհետանալ զինծառայողների` քառօրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ նշումները
     Ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ զորացրվում են, սակայն զինգրքույկներում շարունակում են անհետանալ զինծառայողների` քառօրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ նշումները:
     Այս մասին հրապարակում է ներկայացրել Shamshyan.com-ը` տեղեկացնելով, որ այսօր էլ կան դեպքեր, երբ 2016-ի մարտական գործողություններին մասնակցած զորացրված զինծառայողների զինգրքույկներում իրենց մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված են, կա՛մ փոփոխված:
     Նշենք, որ այս խնդրին MAMUL.am-ը բազմիցս անդրադարձել է իր նախորդ հրապարակումներում։
     Հիշեցնենք` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած բոլոր ուսանողները հնարավորություն էին ունենալու օգտվելու ուսման վարձի 50% և ավելի չափով զեղչից: Մինչդեռ քառօրյա պատերազմից հետո շատ զինվորներ բախվեցին միևնույն խնդրին` նրանց զինգրքույկներում չնշվեց այդ փաստը: Պատճառաբանությունն այն էր, որ զինվորները պատերազմի ժամանակ գտնվել են ոչ թե առաջին գծում, այլ` երկրորդ, և դրանով հիմնվելով` համապատասխան զորամասերը նման որոշում են կայացրել: ԿԳՆ պատասխանատուն էլ մեզ հետ զրույցում խոստացավ` «Եթե ուսանողն իրոք ծառայել է, բայց զորամասը փնթիություն է արել` չի նշել, ապա շրջանային զինկոմիսարիատը կզբաղվի այդ հարցով»:
     Այնուհետև խնդիրն այլ բնույթ ստացավ: Ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված տղաներն սկսեցին ահազանգել, որ զինգրքույկներում ոչ միայն չեն նշվում քառօրյա մարտական գործողություններին իրենց մասնակցությունը, այլև նշված գրառումներն են ջնջվում թանաքով և վրան գրում` «անվավեր»:
     Ի դեպ, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն այդ օրերին հանդես եկավ հայտարարությամբ:
     Անդրադառնալով որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին գերատեսչությունը նշել էր, որ դա «բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:
     MAMUL.am-ի թղթակիցն էլ իր հերթին հարցում անցկացրեց մի շարք բուհերում և հավաստիացավ, որ իսկապես որոշ զորացրված զինվորներ, ովքեր ծառայել են Արցախում, մասնակցել ապրիլյան քառօրյային (այդ ընթացքում մարտական դիրքերում կատարել հերթապահություն), սակայն չեն ստացել ուսանողական զեղչ:
     Թվում էր թե խնդիրն, ի վերջո, լուծում կստանա, քանի որ այդ մասին վստահեցրել էր ՀՀ ՊՆ-ն, սակայն, ինչպես տեսնում ենք` շարունակվում է:
6385 | 3
Facebook