''Իրականում Հայաստանում շոու-բիզնես չկա. իսկական շոու-բիզնեսն Ամերիկաներում է'',- սա հայկական շոու-բիզնեսի վերաբերյալ համացանցում հայտնված գրառումներից մեկն է, որն ունի նաև իր հիմնավորումները...:
Մեղավոր-անմեղներ փնտրելով, այս կամ այն երգչին քննադատելով ոչինչ փոխել չենք կարող...: Իսկ ի՞նչ կա փոխելու...: Առաջին հայացքից՝ կարծես ոչինչ. մարդիկ ստեղծագործում են, նոր տեսահոլովակներ են թողարկում, համերգներ տալիս...ի՞նչ վատ բան կա...:
Վերջին շրջանում երգարվեստում հետաքրքիր զարգացումներ են նկատվում: Այսպես, ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր այսօր իրենց վաստակով մեծ սեր են վայելում ժողովրդի կողմից, որոնց ներդրումն անգնահատելի է, աշխատանքը՝ վիթխարի, վրդովված են, մտահոգված, նեղացած, հիասթափված: Ժողովրդական արտիստներն ասում են, որ ոչ մի կերպ չեն համակերպվում այն երգերի հետ, որոնք այսօր մատուցվում են ու որոնք ստիպված ես լսել. ամենուր նույն դեմքերն են:
Մյուս խումբը 90-ականներին աչքի ընկած ու այսօր ընդհանրապես անտեսված երաժիշտներն են, ովքեր հիմնականում ակումբներում են երգում ու գիտեն՝ եթե տեսահոլովակ տանեն այս կամ այն TV, եթեր չեն տալու:
Այս երկու խմբերին միավորում է մի բան. երկուսն էլ չարացած են այսօրվա կատարողների ու նրանց PR-ն անող հեռուստատեսության նպատակային քաղաքականության վրա: