
Թեև տարին սկսվեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքներով, որոնք զարգանալու միտում ունեին, այնուամենայնիվ, ՀԱԿ-Կոալիցիա երկխոսությունն, ըստ էության, հասարակությանը ետ մղեց ներքաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալուց: Ավելի ստույգ` ընդդիմադիր հասարակությունը խորը հիասթափություն ապրեց ՀԱԿ-ի այս քայլից հետո, ինչի ապացույցն արտախորհրդարանական ընդդիմության հոկտեմբերին նախաձեռնած 8 օր տևած սակավամարդ, շուրջօրյա հանրահավաքներն էին: Կարելի է փաստել, որ ՀԱԿ-Կոալիցիա ձախողված երկխոսությունն իրականում ձախողում էր ՀԱԿ-ի համար, որը կորցրեց համակիրների զգալի մի զանգված, իսկ ահա իշխանությունը խորհրդարանական ընտրությունների շեմին էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը: Եվ ընդհանրապես, ներքաղաքական դաշտում տակտիկական առումով իշխանությունների գործողությունները գրագետ էին ու արդյունավետ: Տարեսկզբի բողոքի ալիքն իշխանությունները նախ զսպեցին Ազատության հրապարակն ընդդիմությանը տրամադրելով ու քաղբանտարկյալներին ազատ արձակելով: Այնուհետ բանակցություններ սկսելով ընդդիմության հետ` շատ արագ հայտնվեցին շահեկան դիրքում: Եթե 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ հիմնական ֆավորիտն ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ապա այսօր կան երեք կուսակցություններ, որոնց հաղթելու հնարավորությունները կարելի է ասել հավասար են: Խոսքը ՀՀԿ-ի ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մասին է, որոնք էլ, ըստ ամենայնի, ընտրությունների արդյունքում կձևավորեն լավագույն եռյակը: Նշենք, սակայն, որ տարեսկզբին առավելությունը կրկին կարող է անցնել ընդդիմության կողմը, քանզի օր-օրի ահագնացող սոցիալական վիճակը հնարավոր է նորից ստիպի հասարակությանը դուրս գալ փողոց: Եթե փորձենք համառոտ կերպով ամփոփել 2011 թվականն, ապա այն կարելի է որակել քաղաքական ուժերի դիրքավորման տարի: Մասնավորապես, ընտրական տարուց առաջ հստակ կերպով ուրվագծվել է գլխավոր դերակատարների ներուժն ու հնարավորությունները: