Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հասմիկ Սիմոնյան.Նոր սերունդը կամ ծայրահեղ լավն է, կամ ծայրահեղ վատը

Ovsanna Simonyan
Հեղինակ`
Ovsanna Simonyan
19:27, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2012 թ.
Հասմիկ Սիմոնյան.Նոր սերունդը կամ ծայրահեղ լավն է, կամ ծայրահեղ վատը

Ժամանակակից հայ բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը ծնվել է Երևանում:Սովորել է Մ.Գալշոյանի անվան 148 դպրոցում, իսկ 1993-2003թթ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում:2005թ-ին տպագրվել է իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Լուսնոտ բառեր»-ը, որը մինչև գրքի տպագրումը դեռ ձեռագիր վիճակում այն արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի:Այնուհետև 2010թ-ին տպագրվել է իր երկրորդ՝ «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների ժողովածուն:
     - Քանի՞ տարեկանից եք սկսել ստեղծագործել:
     - Անհիշելի ժամանակներից, երբ դեռ տառերը չգիտեի.ես արտասանում էի, գրում էին ուրիշները, հետո երբ սովորեցի գրել, 6 տարեկան էի ու իրենք խոսում էին, ես ուրիշների խոսքից «թռցնում էի» բանաստեղծությունը:
     - Ձեր մանկությունից գրեթե ոչինչ չկա գրված, կպատմեք մի փոքր:
     - Փոքր-մոքր կտորներ կան գրված, չեմ պատմի, որ հետո գրեմ:
     -Բազմաթիվ գրական մրցանակներ եք ստացել, սակայն կա մի մրցանակ, որն առանձնահատուկ է ձեզ համար և ինչու՞:
     - Առաջին մրցանակս՝ «Փոքրիկ իշխանը», շատ եմ սիրում, էն տագնապն ու անհանգստությունն եմ սիրում, որ ունեի նախորդ օրը, մրցանակաբաշխության ժամանակ կարդալիս, և հետո շատ եմ սիրում էդ գործը՝ «Զարմացած փողկապով ժամանակը», 17 տարեկանի համար վատ չէր:
     - 2005թ.-ին տպագրվեց ձեր առաջին գիրքը «Լուսնոտ բառեր»-ը, հետաքրքիր է ինչ զգացողություններ ունեիք, երբ առաջին անգամ այն վերցրեցիք ձեր ձեռքը:
     - «Երեխան երեխա է պահում» վիճակն էր, հիշում եմ, որ ուրախությունից թռչկոտում էի, բայց դեռ գլխիս գալիքը չգիտեի:
     - Իսկ ինչո՞ւ եք ասում, որ դեռ ձեր «գլխի գալիքը» չգիտեիք, այսինքն ինչ եղավ հետո՞, շատ քննադատությունների արժանացա՞վ:
     - Ամենևին, առաջին գիրքս անակնկալ շատ հաջողությունների հասավ, 18 տարեկանում տպեցի, նույն տարում գիրքս երիտասարդական ամենաթանկ՝ ՀՀ նախագահի մրցանակը ստացավ, արժանացավ գովասանքների, ջերմ գրախոսականների և այլն: Նկատի ունեմ՝ դեռ գրականության մեջ խակ էի, դեռ շատ ճամփաներ անծանոթ էին ինձ, դեռ ...
     -Եղել է արդյո՞ք այնպիսի ստեղծագործական ժամանակահատված, որ ասել եք վերջ էլ չեմ գրի, և եթե եղել է, ապա ինչո՞վ է դա պայմանավորված եղել:
     -ժամանակահատված չէ, այլ մահվան գծի պես զուգահեռ ինձ սահող զգացողություն, որին եթե չզսպեմ, կբարձրանա, կբարձրանա ու կխեղդի:
     -Այսինքն դուք ձեզ իրականում ուժե՞ղ մարդ եք համարում, որ կարողանում եք հաղթահարել այդ զգացողությունը:
     -Թղթի վրա, բառերի մեջ, երբ թիկունքումս տողն է, այո, ես ուժեղ եմ:
     -Իսկ ինչի՞ց է ներշնչվում Հասմիկ Սիմոնյանը:
     -Տագնապից:
     -Ձեր բլոգում հետաքրքիր մի բան նկատեցի, Ձեր անուն ազգանունը բացի այն, որ կրճատված էր նաև փոքրատառերով էր գրված ուղղակի հ.ս. :Արդյո՞ք դա Հասմիկ Սիմոնյանի գրական կեղծանունը կարելի է համարել:
     - Ոչ, անվանատառերով ինքս ինձ ու ինձ հարազատ մարդկանց դիմելը կեղծանվան հետ կապ չունի, պարզապես ցանկալի կրճատ տարբերակ է ու վերջ: Երբեք չեմ սիրել իմ անունը, բայց եթե այդ անվան մեջ նավարկությունը սկսել եմ, ուրեմն հավատարիմ կմնամ իմ նավ-անունին:
     - Ո՞րն է Ձեր սեղանի գիրքը:
     - Բրոդսկին, կտակարանը, Ջոյսն ու Նարինե Ավետյանի գիրքը սեղանիցս չեն իջնում:
     -Ի՞նչ եք դուք կարդում հիմա և ըստ ձեզ, որոնք են այն ստեղծագործությունները, որոնք մեր երիտասարդությանը անհրաժեշտ են:
     - Այս պահին Սիլվիա Փլաթ եմ կարդում ու Էնն Սեքսթըն, իսկ երիտասարդությանը կարող եմ առաջարկել մտնել իմ բլոգ՝ hs-poetry.blogspot.com, ու ինչ գտնեն, թող կարդան, առողջությանը վնաս չի տա:
     - Ձեր կարծիքով որքանո՞վ է այսօրվա երիտասարդությանը հետաքրքրում պոեզիան կամ համամիտ եք այն մտքի հետ, որ ներկայիս երիտասարդությունը գիրք ընդհանրապես չի կարդում:
     - Թյուրընկալումներ միշտ էլ եղել են ու կլինեն, ինչպես օրինակ՝ սովետի ժամանակ գիրքը կահույքի պես ընկալելը ընթերցասիրության հետ էին շփոթում: Նոր սերունդը կամ ծայրահեղ լավն է՝ կարդացող, խելացի, ստեղծագործ, կամ ծայրահեղ վատը, միջին տեսակ ինձ դեռ չի հանդիպել, վախեցնող է փոքր ինչ. եթե զտումը սկսվել է արդեն բնության կողմից, ուրեմն դեռ շարունակվելու է: Ուրեմն աշխարհի վերջի կարիք բոլորս ունեինք, աշխարհի վերջ, որ մեր մեջ սկսվել է արդեն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5629 | 0 | 0
Facebook